4.08.2025

Իրանն զգուշացնում է՝ արտաքին դերակատարները չպետք է խառնվեն Հարավային Կովկասի գործերին

Իրանը կոչ է անում Հարավային Կովկասի բոլոր պետություններին թույլ չտալ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացին։


Բաղայիի խոսքով՝ նման միջամտությունները միայն կսրեն իրավիճակը և չեն ծառայելու տարածաշրջանային պետությունների շահերին։ Նա ընդգծել է, որ սա Իրանի հետևողական և սկզբունքային դիրքորոշումն է, որից Թեհրանը չի նահանջելու։ Այդուհանդերձ, Իրանը կողմ է տարածաշրջանի երկրների և Իրանի միջև տրանսպորտային կապերի ընդլայնմանը, սակայն՝ առանց խախտելու միջազգայնորեն ճանաչված սահմանները և որևէ պետության ինքնիշխանությունը։


Բաղային հնարավոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ ներկայացնել։ Նրա գնահատմամբ՝ քաղաքական կամքի առկայության դեպքում միշտ էլ հնարավոր է լուծում գտնել, իսկ արդեն մշակված համաձայնագրի նախագիծն ինքնին դրական ազդակ է։


Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Իրանը Հայաստանի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացման վերաբերյալ, Բաղային պատասխանել է, որ Իրանին կարևոր է, որպեսզի հարևան երկրների արտաքին կապերը չդառնան Իրանին ուղղված քաղաքականության գործիք։


Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունները, որոնք կառուցված են փոխվստահության վրա, կշարունակվեն նույն ոգով, քանի որ դա բխում է երկու ժողովուրդների շահերից։ Նա նաև հիշեցրել է միջազգային իրավունքի սկզբունքները, ըստ որոնց՝ որևէ պետություն չի կարող օգտագործվել մեկ այլ պետության դեմ։ Իրանի համոզմամբ՝ Հայաստանը այդ սկզբունքը լավ գիտակցում է։

Թեմայի այլ նորություններ