Դաժան սպանություն Ջավախքում. Ո՞վ եւ ինչո՞ւ է դա կատարել
Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով ձերբակալված 23-ամյա երիտասարդը ազգությամբ հայ է: Նա նույնպես Վաչիան գյուղի բնակիչ է, ամուսնացած է, ունի երկու տարեկան երեխա, հայտնում է armtimes.com-ը:
Այս մասին կայքին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Նա նաեւ ասաց, որ կասկածյալը ձերբակալվել է այսօր, ժամը 13:00-ի սահմաններում եւ ոստիկանությունում տվել է խոստովանական ցուցմունք:
Դաժան դեպքը տեղի է ունեցել երեկ. իրենց տանը սպանված վիճակում հայտնաբերվել էին Վաղինակ Քաչոտյանի 37-ամյա կինը, 16 եւ 18 տարեկան դուստրերը եւ 5-ամյա որդին:
Խոսելով սպանության դրդապատճառների մասին, Մկոյաննն ասաց. «Երեք նախնական վարկածներ կան. կամ այդ հիմարը մտել է գողության նպատակով, կա՛մ բռնաբարության, կա՛մ էլ վրեժխնդրության: Բնակարան մտնելու ժամանակ 37-ամյա կինը արթնացել է, սկսել է գոռգոռալ, հետո աղջիկն է արթնացել. մոր աչքի առաջ երկաթե ամրանով հարվածել է աղջկա գլխին, աղջիկը մահացել է, այնուհետեւ դանակահարել է կնոջը: Սպանությունը կատարելուց հետո միացրել է գազը, փակել դռներն ու պատուհանները եւ գնացել, ինչի հետեւանքով էլ մահացել են 5-ամյա որդին ու 16-ամյա աղջիկը: Նրանք կողքի սենյակում քնած են եղել: Նրանց մարմինների մի մասն այրված է, բռնության հետքեր կան: Հիմա դատաբժշկական փորձաքննություններ են ներկայացվել»,- դաժան մանրամասներ ներկայացրեց Հենզել Մկոյանը:
Նրա խոսքով` սպանության կասկածանքով ձերբակալված երիտասարդը գողացել է երկու բջջային հեռախոս, հետքերը թաքցնելու համար կոտրել է գողացած հեռախոսներից մեկը, իսկ մեկը չի հացրել ոչնչացնել՝ հայտնաբերվել է: «Որպեսզի կասկածյալի ընտանիքից վրեժ չլուծեն կամ նման հնարավոր տարբերակները բացառվեն, նրա երեխային ու կնոջը տեղափոխել են Բակուրիանի: Քննությունը գնում է, արդեն ամեն ինչ կամաց-կամաց պարզ կլինի: Ինձ ոստիկանապետն ու դատախազը ամեն ժամ տեղյակ են պահում մանրամասների մասին»,- ասաց Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորը:
Սպանության կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի հոգի, հայտնում է jnews.ge կայքը: Ոստիկանության հրապարակած տեղեկատվության համաձայն սպանությունը կատարել է նույն գյուղի բնակիչ՝ 1992 թվականին ծնված Նոդար Ակոպովը: Ոճրագործության պատճառը գողությունն է եղել: Հետքերը թաքցնելու համար հանցագործը կոտրել է գողացած հեռախոսներից մեկը, իսկ մեկը հայտնաբերվել է ոստիկանների կողմից:
Գյուղացիների խոսքերով սպանություն կատարողը հավանաբար սթափ վիճակում չի եղել: Սպանությունը կատարած Նոդար Ակոպովը ամուսնացած է եղել Բորժոմիում, վերջերս բաժանվել է կնոջից և վերադարձել գյուղ: «Չգիտես ինչ բառ ասես, որ սիրտդ հանգստանա, վիժվածք է, անասուն, ամբողջ օրը խմած-ուռած, ուրիշ ինչ սպասել նման մարդկանցից», – ասաց գյուղացիներից մեկը:
Վաչիանում մարդիկ վախեցած են: Մենք հանդիպեցինք սպանված 5-ամյա երեխայի մանկապարտեզի ընկերոջը, ով գիշերը վախից չի քնել, վերջինս պատմում է. «Ես իրեն հետ խաղում էի, ընկերներ էինք, հիմի ու՞մ հետ խաղամ»:
Հենզել Մկոյանն էլ նշել է, որ հայաբնակ գյուղում տեղի ունեցած սպանությունը այդ տարածաշրջանում հայ ընտանիքի ողբերգական պատմություններից մեկն է, իսկ նման դեպք վերջին մի քանի տասնամյակում չէր գրանցվել Վրաստանի ողջ տարածքում:
Նշենք, որ ընտանիքի հայրը՝ Վաղինակ Քաչոտյանը Ռուսաստանում է՝ արտագնա աշխատանքի: Հենզել Մկոյանը տեղեկացրեց, որ հորը արդեն հայտնել են դեպքի մասին, եւ նա վերադառնում է Վրաստան: