Իշխող Հայաստանի հանարապետական կուսակցությունը ներկայացնող Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խիստ քննադատության է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, ուրում վերջինս ազդարարել էր ընդդիմության կողմից հանրահավաքային պայքարը վերսկսելու մասին:
«Մենք պատրաստավում ենք (հերթական) ընտրությունների, սակայն եթե իշխանությունները չընդունեն առաջարկված տարբերակները երկիրը ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս բերելու համար, ապա ժողովրդին մնում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ», - հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը ծավալուն ելույթով հանդես էր եկել իր իսկ կողմից նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ փետրվարի 5-ին: Նա սուր քննադատության էր ենթարկել իշխանություններին քաղաքական մենաշնորհի և ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի համար:
Ծառուկյանն ընդգծել էր, որ ծանր սոցիալական վիճակը լցրել է մարդկանց համբերության բաժակը՝ հավելելով, որ առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և «համապետական հզոր հանրահավաք Երևանում»:
Գալուստ Սահակյանի պատասխանը Ծառուկյանի քննադատական ելույթին բավական կոշտ էր: Նրա կարծիքով, ԲՀԿ առաջնորդի ելույթում առկա էին «աղաղակող հակասություններ»: «Առաջին տպավորությունս այն է, որ, ինչպես հանրությանն է ներկայանում՝ «գործի մարդ» ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին: Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար», - նշել էր ի պատասխան tert.am-ի հարցին ԱԺ խոսնակը:
«Օրինակ՝ նրանցից մեկը պնդում է, որ կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել: Մինչդեռ նույն ելույթում մի քանի տող վերև մյուս հեղինակը պնդում է, որ այսօր, նման իրավիճակում կարելի է ու պետք է գնալ խոշոր հանրահավաքների, հզոր հանրահավաքների և այլն: Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին», - պարզաբանում է Գալուստ Սահակյանը:
Ամեն դեպքում, ըստ Սահակյանի, այն, ինչ մնում է «այդ ելույթը ավելորդ բառակույտից մաքրելուց հետո, բավականին մտահոգիչ է», առնվազն այն առումով, որ տպավորություն կա, որ չի էլ ընկալվում այդ մտահոգիչը, անգամ եթե նյութը բառացիորեն հեղեղված է գրագետ, կրթված, խորը և նոր արժեքներով մարդկանց կարևորելու մասին դրույթներով:
Միևնույն ժամանակ ԱԺ նախագահը հայտնել է, որ Ծառուկյանի եկլույթը անպատասխան չի մնա: «Ես կարծում եմ, որ մեր կուսակցության գործադիր մարմինն իր գալիք նիստերից մեկում կքննարկի Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված այդ մի քանի դրույթները և քաղաքական արձագանք կտա դրանց», - հավելել է Սահակյանը: