23.11.2024
Գագիկ Ծառուկյան. ժողովուրդը կպարտադրի իշխանափոխություն
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին գնդակոծման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ

Լարվածությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակվում է պահպանվել: Ադրբեջանական կողմը փետրվարի 5-ի ուշ երեկոյան սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղը:

Գնադակոծության հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ, ով մահացու վիրավորում է ստացել իր տան բակում և տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոցից: Հիվանդանոցից տեղեկացնում են, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել մահացու վիրավորված Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին:​ Կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:​

Փետրվարի 4-ին էլ ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետևանքով զոհեր չկային, վնասվել էին մի քանի տներ։ Նույն օրը դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ, 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը:

Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում:

Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է:

Որոշակի տեղեկություններ այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում «նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է ավելի քան 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր»: