11.04.2025
Ինչու՞ Մոսկվան չեղյալ հայտարարեց Իրանին C-300 համակարգերի տրամադրման արգելքը
prev Նախորդ նորություն

Նարիշկինը Թուրքիայում կմասնակցի Դարդանելի գործողության 100-ամյակի միջոցառումներին

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Ստամբուլ: «Հաջորդ շաբաթ ինձ բախտ է վիճակվել լինել Թուրքիայում, այս անգամ Ստամբուլում՝ Դարդանելի գործողության հարյուրամյակի միջոցառումներին մասնակցելու համար», - նշել է Նարիշկինը՝ Պետդումայում ընդունելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին:

Նարիշկինը նշել է, որ իրեն հետաքրքիր է մասնակցել տոնակատարությանը նաև որպես Ռուսական պատմական ընկերության նախագահ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման ազգային հանձնաժողովի ղեկավար, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նշենք, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի 44-ի նահանգների կողմից: Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ այս պահին քննարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 24-ին Երևան կատարելիք այցը: «Մենք կանենք համապատասխան հայտարարություն»,- հայտարարել էր այդ առիթով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ամենաբարձր մակարդակով մասնակցելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Ռուսաստանը և Կիպրոսը: Այդ օրերին Երևան է ժամանելու ԵԽԽՎ նախագահ Էնն Բրասերը, Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը և Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլլը:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի մասնակցությանը, ապա Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մասնակիցների կազմը, որը պետք է Երևանում ապրիլի 24-ին ներկա գտնվի միջոցառումներին, դեռևս հաստատված չէ: Դեսպանը նշել է, որ պատվիրակության կազմը հաստատելու է անձամբ նախագահ Բարաք Օբաման: