24.11.2024
Վարչապետ. բոլորը կարող են շաքարավազի ներկրմամբ զբաղվել
prev Նախորդ նորություն

Օհանյան. Իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է

Իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է: Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք համագործակցում ենք ՊԲ-ի հետ, ստացված տեղեկատվության համաձայն բոլոր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և պատրաստ են իրենց առջև դրված պարտականությունները կատարել»,- հավաստիացրեց նախարար Օհանյանը:

Խոսելով Վիեննայում նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությաունների մասին, Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակցային գործընթացում հաջողության հասնելու առաջին նախապայմանը համապատասխան իրավիճակ ստեղծելն է, ինչպես նաև` վստահության մեխանիզմներ ստեղծելը, որոնք պետք է երկու ուղղությամբ ձևավորվեն.

«Նախ, պետք է զերծ մնալ բոլոր տեսակի կրակոցներից, դիվերսիոն հարձակումներից, ինչպես նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ իրականացնել: Կարծես վերջին հանդիպման ժամանակ այդ ամենը ձեռք է բերվել»,- համոզմունք հայտնեց Օհանյանը:

Հիշեցնենք, Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության պատասխանատուները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Համանախագահները հաստատել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար ՀՀ և ԱՀ նախագահները համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: