Վարչապետ. բոլորը կարող են շաքարավազի ներկրմամբ զբաղվել
Որևէ մեկին կամ որևէ ընկերության չի սահմանափակվում զբաղվել հեղուկ վառելիքի ներկրմամբ: Այս մասին Ազգային Ժողովում ՝ ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ բոլորը կարող են ներկրել ու զբաղվել այդ բիզնեսով առանց սահմանափակման:
Վարչապետը նաև հավաստիացրեց, որ այդ ոլորտում չկա մենաշնորհ: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունն ու հավաստիացումը հնչեց ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից հնչեցրած դիտարկմանը, որ «Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաներն այս պահին Բագրատաշենի անցակետից ցանկանում են հետ ուղարկել՝ պատճառաբանելով, որ վառելիքի փորձանմուշն ուղարկվել է լաբորատորիա, մինչդեռ միասնական մաքսային միության ապրանքից ոչ -ոք իրավունք չունի նմուշ վերցնելու:
Հարցին, թե ինչու է Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինը մոտ 40 տոկոսով էժան, քան Հայաստանում և արդյոք սա մենաշնորհի հետ է կապված, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պետք չէ Վրաստանի հետ համեմատություններ անել, քանի որ Վրաստանից Հայաստան տեղափոխելը նույն գինն է, ինչ Եվրոպայից Փոթի:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ մենշնորհների, հատկապես շաքարավազի շուկայում իրավիճակի մասով հարցին ի պատասխան, վարչապետը նշեց, որ Հայաստանում յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվել շաքարավազի բիզնեսով, կարող է զբաղվել և որևէ մեկի նկատմամբ չեն լինելու ինչ-որ առանձնակի մոտեցումներ:
Աբրահամյանի պատասխանի կապակցությամբ նրան հարց ուղղած ԱԺ պատգամավոր Քոքոբելյան նկատեց, որ "պատմական օր է": «Այդ հարցը Հանրապետության Նախագահի հետ քննարկել եմ երեկ և այսօր էլ իրականացրել ենք խորհրդակցություն և հետևողական ենք լինելու և, այո՛, ամեն ինչ անելու ենք, որ այդ շուկայում գների նվազման երևույթ սկսի»,- նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խնդրով զբաղվում է: Անդրադառնալով իր հայտնի հայտարարությանը՝ վարչապետը նշեց. «Մենք այսօր կանգնած ենք մի լուրջ խնդրի առջև՝ բոլորս ասում ենք, որ կա կոռուպցիա, մենաշնորհ: Եկեք բոլորս միանանք, քայլեր նախաձեռնենք ու այդ քայլերով գնանք առաջ: Առանց ժողովրդի, քաղաքացիական հասարակության մենք այդ խնդիրներին լուծում տալ չենք կարող»,- ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ քայլերը հնչեցրել է ու ԱԺ ամբիոնից էլ հայտարարում է, որ դրանք կյանքի կոչելու է. «Ես պատասխանատու եմ: Կրճատումներից սկսած, դանդաղ շտապելով գնալու ենք առաջ՝ առանց մարդկանց նեղացնելու, բայց գործուն քայլերով»:
Հիշեցնենք, Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետը հայտարարեց իշխանությունների մի շարք նախաձեռնությունների մասին՝ բյուջեի խնայողություն, պետական համակարգի կրճատում, պայքար կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Հովիկ Աբրահամյանը նախանշեց երեքշաբաթյա ժամկետ՝ խնդիրները վերհանելու ու վերլուծություններ անելու համար: