24.11.2024
Վալովայա. Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց այսօր չի քննարկվում
prev Նախորդ նորություն

Մանոյան. Առանց Արցախի անկախության ճանաչման առաջարկված փուլային կարգավորման տարբերակն անընդունելի է

Հայկական կողմը դեմ չէ փուլային կարգավորմանը, բայց նախ պետք է ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլապես առաջարկված ձևով փուլային կարգավորման տարբերակն անընդունելի է: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Վերջինիս խոսքով չի կարելի անհավասար փոխզիջումներ անել, քանզի եթե փոխզիջման խնդիր է առաջ քաշվում, ապա այն պետք է համահավասար լինի: Իսկ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, ըստ նրա, ինչ-որ արդյունքի հասնել հնարավոր չէ.

«Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ առիթներով դա ասել է, բայց միջնորդները չեն լսում այդ առարկությունը և շարունակում են ճնշել Հայաստանին, որ բանակցությունները տեղի ունենան այն մոդելով, որն իրենք պատկերացնում են, և որը շատ մոտ է Ադրբեջանի պատկերացումներին»,- հայտարարեց Մանոյանը` ավելացնելով, որ Դաշնակցությունը ի սկզբանե դեմ է եղել Մադրիդյան սկզբունքներին:

Անդրադառնալով Վիեննայում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի ձեռք բերված պայմանավորվածությունների հետաքննական մեխանիզմների ներդրման մասով, գործիչը նկատեց, որ դրանք պետք է հստակ ճշտվեն, մինչդեռ մինչև հիմա կողմերը չեն պայմանավորվել, թե կոնկրետ ինչ հետաքննական մեխանիզմների մասին է խոսքը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով հասցեական կհնչեն մեղադրանքներն այն դեպքում, երբ այդ մեխանիզմները ներդրվեն, Մանոյանը այնքան էլ լավատեսական պատասխան չտվեց.

«Ուկրաինայի դեպքում, օրինակ, դրանք հասցեական էին այնքանով, որ ասվում էր՝ այս կողմից կրակ եկավ, բայց չեն ասում՝ հանցավոր է դա, թե՞ ոչ: Բայց ո՞ր կողմից է այդ կրակը, ո՞ր կողմն է արգելել, որ դիտորդները գնան` արդեն պարզ է լինում»,-հավելեց նա: