24.11.2024
Մարտական պատրաստության ծավալը ռուսաստանյան ռազմաբազայում աճել է 1,5 անգամ
prev Նախորդ նորություն

Վալովայա. Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց այսօր չի քննարկվում

Թեև ես դեմ չեմ ու դրական եմ վերաբերում միության ընդլայնմանը, բայց Եվրասիական տնտեսական միության ընդլայնման հարց, այդ թվում և Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց այսօր չի քննարկվում: Այս մասին մայիսի 17-ին Մոսկվայում հայաստանցի մի խումբ լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ԵԱՏՄ նախարարների կոմիտեի անդամ Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` դա այն գործընթացն է, որին հարկավոր է բավականին պատասխանատու վերաբերել:

«Բոլոր որոշումները, այդ թվում և նոր անդամակցությունների մասով, միությունն ընդունում է փոխհամաձայնեցված»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով հայ հասարակության մեջ առկա դժգոհությանը, որը հարուցեց ապրիլի սկզբին Երևանում կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների նիստի տեղափոխումը Մոսկվա, Վալովայան հույս հայտնեց, որ իր հայ գործընկերները, թերևս, ըմբռնումով մոտեցան Ղազախստանի այդ առաջարկին` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Ղազախստանը ոչ միայն այս տարի ԵԱՏՄ խորհրդում նախագահող երկիր է, այլև բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:

«Մայիսի 20-ին ԵԱՏՄ վարչապետների նիստն անցկացվելու է Երևանում, մենք անպայման կգանք Երևան: Եվ վստահ եմ, որ Երևանում կայանալիք նիստն էլ նույնքան արդյունավետ կլինի, որքան Մոսկվայում կայացած նիստը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, որ թեև ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, բայց Ղազախստանի առաջարկը բացառապես քաղաքական ենթատեքստ ուներ, Վալովայան, նախ, չհամաձայնեց նման տեսակետի հետ: Այնուհետ արձագանքեց, որ շատ կարևոր է ցույց տալ, որ ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է և ոչ մի քաղաքական գործընթաց չի կարող ազդել տնտեսական ինտեգրացիայի վրա: «ԵԱՏՄ անդամ ոչ մի երկիր չի կարող քաղաքական շահեր եւ նկրտումներ բերել այնտեղ»,- հավաստիացրեց նա:

Վալովայան անդրադարձավ նաև մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը և նշեց, որ մեծ հույսեր ունի, որ Վիեննայում մեկնարկած գործընթացը հետագայում էլ դրական կզարգանա:

Հիշեցնենք, Հայաստանը 2015 թվականի հունվարից անդամակցում է ԵԱՏՄ-ին: