23.11.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

«Բազմաթիվ ու կոպիտ խախտումներ». դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի հայցադիմումը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցադիմումը։ Վերջինս փետրվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Այժմ Խաչատրյանը վիճարկում է իր պաշտոնից ազատման որոշումը։


«TK & Partners իրավաբանական ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը: Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Վարչական դատարանն այսօր մեր հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ին ժամը 11-ին:


Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի»,- ասվում է Տիրան Խաչատրյանի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերության հայտարարությունում:


VERELQ-ը հիշեցնում է, որ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառը հանդիսացել է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «ծիծաղով» արձագանքելը։


Մասնավորապես, Yerevan.today կայքի լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։


Հաջորդ օրն իսկ Գլխավոր շտաբը՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի, հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց Նիկոլ Փաշինյանի և վերջինիս կառավարության հրաժարականը: