Հայկ Մարությանի և Սասուն Միքայելյանի միջև բացառապես բարեկամական հարաբերություններ են
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հայկ Մարությանը եւ Սասուն Միքայելյանը վերջին անգամ հանդիպել են այս տարվա փետրվարի 12-ին «Երկրապահի» վարչությունում, որտեղ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ցավով ենք արձանագրում, որ «Իրավունք» թերթի տպած, որեւէ փաստական հիմք չունեցող էժան բամբասանքը որպես «մամուլի տեսություն» արտատպել են մի շարք հեղինակավոր լրատվական կայքեր: Խնդրում ենք այդ լրատվամիջոցներին՝ հանուն լրագրողական բարեխղճության եւ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, հրապարակել սույն հերքումը»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ «Իրավունք» թերթը գրել էր, թե «Երևանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր: Նրանց միջև զրույցը բավականին սուր բնույթ է ունեցել, ասում են` Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ տալ»: