Վարչապետի այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվել. մարզպետարան
Որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատի մարզպետարանը:
«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Արարատի մարզում խոսակցություններ են պտտվում առ այն, որ վարչապետի և մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև առանձին, եռակողմ հանդիպում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջեւ, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտնի եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ որոշ անկլավային տարածքներ, որոնց մեջ է մտնում Տիգրանաշեն գյուղը (Քյարքի), ու լուրեր կան, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի: