Նախագահ. Մայիսի 9-ը խաղաղության և հաղթանակի տոն է
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձն է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում: Այսօր մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր հարյուր հազարներով ընկան չարիքի դեմ պայքարում: Նաև հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են»:
Սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև խաղաղության տոն է, նշում է Սարգսյանը: Նախագահը հիշեցնում է, որ Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին Հայաստանը շատ թանկ գին վճարեց այդ հաղթանակի համար` վաստակելով խաղաղություն: «Այդ խաղաղությունը մեզ պատմական հնարավորություն տվեց որպես ազգ կրկին ոտքի կանգնելու տնտեսապես, մշակութապես և քաղաքականապես: Եվ մենք գիտենք այդ խաղաղության գինը», - ասել է նա:
Սարգսյանի խոսքով, Մայիսի 9-ը հայերի համար վերաիմաստավորվեց և վերարժևորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ: «Արցախի դարավոր մշակութային կենտրոնը, որ ավանդաբար լույս, կրթություն, գիտություն և արվեստ էր սփռել իր շուրջը, վերածվել էր շուրջբոլորը մահ ու ավեր սփռող հրեշավոր կրակակետի: Շուշիի ազատագրումը մեր կյանքի և մահվան հարցն էր, և մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը», - նշում է երկրի ղեկավարը:
Այդ օրվանից 24 տարի անց՝ անցյալ ամիս, արդեն Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը, ընդգծում է նախագահը՝ նկատի ունենալով ադրբեջանական զինուժի սանձազերծած ապրիլայն պատերազմը ղարանաղյան հակամարտության գոտում: «Եվ նրանք դա արեցին ոչ թե ֆիդայական ջոկատների, այլ արդեն կայացած կանոնավոր բանակի կազմում: Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր նոր սերունդ պատրաստ է նորովի և ավելի վստահորեն պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունը և իրավունքները», - եզրափակել է Սերժ Սարգսյանը: