Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վիրավորական հայտարարությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարական ժամի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել Իլհամ Ալիեւի արած վիրավորական արտահայտությունների վերաբերյալ հայտարարություններով։ Մենք խստորեն դատապարտում ենք նման հայտարարությունները և կարծում ենք, որ նման հռետորաբանությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը», - նշել է նախարարը։
Դրա հետ մեկտեղ Այվազյանը նշել է, որ Ալիեւը հակասում է ինքն իրեն։ «Նա մի կողմից հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է, մյուս կողմից անում է հակամարտություն հրահրող արտահայտություններ», - նշել է նախարարը: Ադրբեջանի նախագահի նման դիրքորոշումը վկայում է այն մասին, որ հակամարտությունն անցել է նոր փուլ։
Այս նոր փուլը, շարունակեց նախարարը, թելադրում է հայկական կողմերի ընդհանուր օրակարգի ձեւավորման անհրաժեշտությունը։ «Այս համատեքստում իմ վերջին այցն Արցախ չափազանց կարեւոր էր, մենք քննարկեցինք ընդհանուր օրակարգի ձեւավորման հարցը եւ նշեցինք համատեղ աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը», - նշել է Այվազյանը:
Խոսելով հայկական կողմերի առաջնահերթությունների մասին՝ Այվազյանը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները վերսկսելու Երեւանի պատրաստակամությունը։ «Մենք պատրաստ ենք բանակցել այն հարցերի շուրջ, որոնց շուրջ նախկինում ևս պայմանավորվածություններ են ձեռք բերվել», - ասել է նա:
Այվազյանն ընդգծել է, որ գերակա ուղղություն է Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախցիների վերադարձը մշտական բնակության վայրեր: Երրորդ առաջնահերթությունը միջազգային հանրության կողմից Արցախին տրամադրվող անխափան մարդասիրական օգնության ապահովումն է։
«Ինչ վերաբերում է Շուշիի մասին վերջին հայտարարություններին, ապա կուզենայի ընդգծել, որ Շուշին հայկական մշակույթի կենտրոն է: Շուշին հայկական մշակույթի կենտրոն է», – ասաց նախարարը: «Անկախ հնչող հայտարարություններից՝ մենք երբեք չենք ընդունի, որ Շուշին կարող է թուրքական մշակութային կենտրոն դառնալ։ Ես վստահ եմ, որ այս հարցում մեզ կաջակցի միջազգային հանրությունը», - ընդգծել է Այվազյանը։