22.11.2024
Փատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ կմշակեն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։


Հանդիպմանը նախարարը գոհունակությամբ նշել է, որ Իրանը Հայաստանի լավագույն բարեկամ երկրների թվում է, որի հետ հաստատվել են ամուր առեւտրատնտեսական հարաբերություններ։ Միաժամանակ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։


ԻԻՀ դեսպանը նշել է, որ Հայաստանի ու Իրանի միջեւ առկա է առեւտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը դեռեւս լիարժեքորեն չի իրացվում։ Նա հույս է հայտնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան եւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, համատեղ նախագծերն ու նախաձեռնությունները կդրվեն գործնական հիմքերի վրա։ Այդ նպատակով դեսպանը հայկական կողմին առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու եւ փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը։


Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում Աբբաս Բադախշան Զոհուրին, մասնավորապես, մատնանշել է բուսաբուծության, անասնաբուծության եւ ձկնաբուծության ոլորտները:


Իր խոսքում ԻԻՀ դեսպանն ընդգծել է երկու երկրների տնտեսության ոլորտում գործարար կապերի ամրապնդման, ճանաչողական եւ փորձի փոխանակման նպատակով գործարար շրջանակների համար ցուցահանդեսների կազմակերպման, շահագրգիռ կողմերի միջեւ տեսակոնֆերանսների անցկացման անհրաժեշտությունը: Երկուստեք շեշտվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության ավելացման կարեւորությունը։


Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ «Մեղրի» եւ իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջեւ համագործակցության, ինչպես նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին։


Նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի առջեւ լայն հնարավորություններ է բացում` ԻԻՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը, այլեւ հնարավորություն կընձեռի ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ:


Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել եւ միջոցներ ձեռնարկել տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության շրջանակում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, ինչպես նաեւ հնարավորինս նպաստել երկկողմ ծրագրերի իրականացմանը։