Փատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձում հերքել է այն տեղեկությունները, թե իր ընտանիքի որևէ անդամ պատերազմի մեկնարկից հետո լքել է Հայաստանը: Այս մասին Փաշինյանն ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ:
«Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելևս պատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում իր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը:
«Սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացի հրապարակված միջոցներից, իր ընտանիքն այլ միջոցների չի տիրապետում: