Փաշինյանն ասել է, թե որ դեպքում կարող է հրաժարական տալ
Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 14-ի իր ուղերձում:
Նրա խոսքով, քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: «Ուզում եմ կրկին ընդգծել, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այս ճանապարհով», - ասել է նա:
Վերադառնալով ներքին իրադրությանը՝ նա կրկին ընդգծել է, որ կան որոշ պրոցեսներ եւ գործընթացներ, որոնց նպատակն ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է եւ փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը:
«Իհարկե, սա անընդունելի է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության եւ իրադրության տերը Հայաստանի Հանրապետությունում: Եւ ես ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ նաեւ այդ իրողության երաշխավորը, եւ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը Հայաստանի Հանրապետությունում ունի վճռական եւ անշրջելի նշանակություն:
Եւ ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի, եւ ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը, իհարկե, չեն կարող ունենալ որեւէ հաջողություն»,- ասել է նա: