24.11.2024
Արցախում ավելի քան 4800 պայթուցիկ նյութ է վնասազերծվել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը

Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր, եւ նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռեւս չեն տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Այդ մասին իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փշաինյանը:


Նա հավելեց, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: «Գործողությունների հետեւանքով Արցախի Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ վիրավորվել են: Տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: Ինչո՞ւ են ճշտվում՝ որովհետեւ տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ այնտեղ հասանելիություն ապահովելու համար», - ասաց վարչապետը:


Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում արդեն ասել է, որ առանձին քննարկման առարկա է, թե ինչու խաղաղապահները մինչեւ շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում: «Փաստն այն է, որ շաբաթ եւ կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաեւ հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաեւ Խծաբերդ-Թաղավարդ գյուղերի այդ շրջակա եւ հարող տարածքը: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ ամսի 9-ի դրությամբ այդ տարածքը եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո», - նկատել է նա:


Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունները, վարչապետի գնահատմամբ, ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը:


«Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, եւ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ որ՝ Արցախի Պաշտպանության բանակը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները: Նկատի ունեմ՝ հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: