26.11.2024
Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. Արցախի ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա, ինչը ստիպում է անհրաժեշտ մեխանիզմները գործի դնել

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդակները, հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը երկու հիմնական պատճառ կարող են ունենալ։

«Առաջին, Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է և նրանց նախապատրաստությունն ու հայտարարությունները հենց այս տրամաբանության մեջ են։

Երկրորդ, Տավուշում տեղի ունեցած զարգացումները, որոնք մի կողմից ամրագրեցին բանակցությունների փակուղային վիճակը, մյուս կողմից՝ դրանց հանգուցալուծման բացակայությունը երկու ելք է ենթադրում։
Վերադարձ բանակցությունների օրակարգ կամ անորոշ սահմանային սադրանքների կամ ռազմական գործողությունների ծավալում։

Եթե դիտարկենք բանակցությունների վերսկսման հանգամանքը, ապա այս տրաբանության ներքո, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են մեծացնել ճնշումը, այդ թվում՝ պատերազմի շանտաժով, որպեսզի հասնեն իրենց համար ցանկալի զիջումների։

Կարճ ասած, այն ինչ տեղի է ունենում մեր շուրջ՝ Ադրբեջանում և Թուրքիայում ենթադրում է, որ կա՛մ ռազմական գործողությունները կվերսկսվեն, կա՛մ այս ամենն արվում է Հայաստանի վրա տոտալ ճնշումներ գործադրելու և բանակցությունների վերսկսման պարագայում զիջումներ կորզելու համար։

Նույնիսկ այն պարագայում, եթե ենթադրենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան բլեֆի են գնում՝ փորձելով Հայաստանից զիջումներ կորզել, ապա սա դեռ չի նշանակում, որ կարճ ժամանակ հետո, անհրաժեշտ զիջումները չստանալու պարագայում, Թուրքիայի և Ադրբեջանի միակ նպատակը չի դառնա խնդրի ռազմական ուղով լուծումը։

Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա, ինչը մեզ ստիպում է անհրաժեշտ մեխանիզմները գործի դնել»,- գրել է Աբրահամյանը Facebook-ի իր  էջում։