ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հրավիրած մամուլի ասուլիսին անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավորական մանդատը վայր դրած Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությանը, և իր հրաժարականի պահանջներին:
Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել Ջուլֆալակյանի՝ իր հետ տարաձայնությունների պատճառով մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը: «Չեմ ցանկանում դա մեկնաբանել, քանի որ մանդատը վայր դնելու գործընթացը չի ավարտվել», - ասաց նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Արսեն Ջուլֆալակյանի հետ վերջին ամիսներին նրա կողմից բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ քննարկումներ չեն եղել:
«Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Եթե հարցեր լինեին և դրանք բարձրաձայնվեին այդ ընթացում մեզ հետ քննարկումներում, մենք պետք ենք դրանց անդրադառնալ և համագործակցել մեր գործընկերների հետ», - ասաց նա:
Նա նշեց, որ իր նկատմամբ հրաժարականի պահանջը քաղաքական տարբեր խմբերն են առաջ տանում, որոնց օրակարգի մաս չի ցանկանում դառնալ: «Այդ պատճառով, այդ խմբերի հետ հանդիպումներ չեն եղել», - ասաց նա՝ իր հրաժարականի պահանջները պայմանավորեց նախարարության կողմից իրականացվող մասշտաբային բարեփոխումներով:
Նա հերքեց այն պնդումները, որ կառավարող թիմում իր հրաժարականի վերաբերյալ պահանջներ կան: «Թիմում նման քննարկումներ ու պահանջներ չկան», - ասաց նա՝ հավելելով, որ եթե ինքը զգա, որ սխալ ուղղությամբ է գնում նախարարության աշխատանքը, ապա մի վայրկյան ավել չի մնա այդ պաշտոնին: «Իսկ ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում», - ասաց նա:
«Թող ինձ ամպագորգոռ հայտարարություններով ու հրաժարականի պահանջներով չվախեցնեն, ես հեղափոխական թիմի առաջնորդներից եմ եղել ու շարունակում եմ լինել», - ասաց նա՝ հիշեցնելով, որ 2016-ին ներկայիս իշխող կուսակցության վարչության նախագահի պաշտոնից հրաժարական տվեց, երբ սպասված արդյունքը չգրանցվեց Երևանի ՏԻՄ ընտրություններին: