Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և լքում ԼՀԿ-ն
ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը, դուրս գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդից ու դադարեցնում իր գործունեությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ պատճառն «առողջական խնդիրներ են»:
Թանդիլյանը նշել է, որ տևական ժամանակ է ունի առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել է լուծել՝ աշխատանքի հետ զուգահեռ։ «Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ», - նշում է նա ու հավելում, որ ստիպված է հեռանալ քաղաքականությունից։
«Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,- ասված է նրա գրառման մեջ՝ տեղեկացնելով, որ 10 օրից կապաակտիվացնի նաև իր ֆեյսբուքյան հաշիվը: