Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հորդանանի թագավորին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ Արքայական Մեծություն,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը:
Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր այցը և մեր զրույցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր հանդիպման արդյունքում ձեռք բերված հեռանկարային պայմանավորվածությունները, իսկ Հայաստանի և Հորդանանի միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը կթևակոխի համակողմանի զարգացման և ընդլայնման նոր շրջան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին:
Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Բարձր եմ գնահատում վերջին շրջանում հայ-հորդանանյան հարաբերություններում գրանցված դրական զարգացումները։ Ուրախությամբ եմ հիշում այս տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր պատմական այցը, որը վերահաստատեց մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը և նախանշեց բազմաբնույթ համագործակցության նոր հեռանկարներ։ Ձեր այցը վկայեց մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամության մասին, որում իր նշանակալի դերակատարումն ունի հորդանանահայ համայնքը։
Այսօր, համավարակի հետևանքով աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, կարևորում եմ մեր փոխգործակցությունը նաև դրա հետևանքների հաղթահարման գործում»:
Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: