Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը: Լուրը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
VERELQ-ը հիշեցնում, որ 2018 թվականին ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավեց և նրա նկատմամբ հայտարարեց հետախուզում: Մասնավորապես, Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Մարտի 15-ին Հարությունյանը ձերբակալվել է Մոսկվայում, սակայն մեկ օր անց ազատ արձակվել, քանի որ ՌԴ դատախազությունն արձանագրել է, որ մեղսագրվող ենթադրյալ արարքների վաղեմության ժամկետն անցել է: Դրանից հետո ՀՔԾ-ն նոր միջնորդություն ներկայացրեց Վահագն Հարությունյանին կալանավորելու համար, որն էլ մերժվել է:
Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: