Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 42-ով, մահացել է մեկ մարդ
Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 42-ով: Ընդհանուր հաստտաված դեպքերի թիվը հասել է 1201-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 44-ով և հասել 402-ի: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 10 հազար 793 է:
Մահվան նոր դեպքը, Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ, արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
«58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում 3-րդ աստիճանի, ճարպակալում 2-րդ-3-րդ աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը: