22.11.2024
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցը հայտնի է
prev Նախորդ նորություն

Կառավարությունը զիջեց. ՓՄՁ շրջանառության փաստաթղթավորումը հետաձգվեց

Հայաստանի կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել ձեռներեցների շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը: Այդ մասին հունվարի 31-ին կառավարությունում արտահերթ նիստի ժամանակ հատարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

«Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) ներկայացուցիչները հունվարի վերջում բազմամարդ բողոքի ակցիներ անցկացրեցին Երևանում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքը և պաշտոնանկ անել ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին:

Ավելի վաղ Ալավերդյանը հայտարարել էր, որ չնայած ցուցարարների պահանջին՝ օրենքը փոփոխման ենթակա չէ և որ կառավարությունը մտադիր չէ այլևս որևէ զիջման գնալ: Հայտարարությունը առաջարել էր փոքր և միջին ձեռնարկատերերի զայրույթը:

Կառավարությունը անցած տարի ձեռներեցների ցույցերից հետո մեկ անգամ արդեն հետաձգել է վիճահարույց օրենքի կիրառումը, որը շրջանառության հարկը 3.5 տոկոսից իջեցնում է 1 տոկոսի, սակայն պարտադիր է դարձնում ապրանքի փաստաթղթավորումը: Աշնանը տեղի ունեցած բանակցություններից հետո Հովիկ Աբրահամյանը ձեռներեցներին ժամանակ էր տվել մինչև փետրվարի 1-ը:

Կառավարությունը շարունակում է պնդել, որ այս փոփոխություններով պայքարում է ստվերի և հատկապես խոշոր գործարարների դեմ: Մանր ու միջին ձեռներեցները, սակայն, հորդորում են այդ պայքարում իրենց գործիք չդարձնել: