22.11.2024
Հրապարակվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համայակական հռչակագիրը
prev Նախորդ նորություն

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցը հայտնի է

Հայաստանում ներկայացվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցը, որն իր մեջ ներառում է գործողությունների բավական լայն սպեկտր՝ ֆիլմերի շնորհանդես, համաժողովներ և համարգներ:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն հունվարի 30-ին ներկայացնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցը, տեղեկացրել է, որ առաջիկայում կանցկացվի ընդգրկուն միջազգային մեդիա համաժողով:

«Մարտի 18-20-ը Երեւանում կանցկացվի «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա համաժողովը, որին կմասնակցեն տարածաշրջանային եւ միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Դա լավ հնարավորություն է լինելու նախապատրաստելու միջազգային լրագրողներին ապրիլի 22-24-ը մեր կողմից անցկացվող միջոցառումները պատշաճ լուսաբանելու եւ դրանց շուրջ միջազգային արձագանք ապահովելու համար»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

Երեւանում Ցեղասպանության հիշատակի օրվանից առաջ՝ ապրիլի 22-23-ին, կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» թեմայով հասարակական-քաղաքական համաժողովը, որը հարթակ է ապահովելու այդ թեմայով քննարկումների համար, տեղեկացնում է Mediamax-ը:

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների եւ մարտիրոսների սրբադասման արարողությունը, որից հետո Երեւանի Հանրապետության հրապարակում կկայանա աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի համերգը: «Խմբի տղաներն երկար տարիներ պայքար են մղում Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման համար: Հանձնաժողովը որոշեց, որ ճիշտ կլինի, եթե 100-ամյա տարելիցի օրը հայության պահանջն արվեստի տեսքով հնչեցնեն հենց այս խմբի տղաները»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ երեւանյան համերգից առաջ System of a Down-ը հանդես կգա միջազգային համերգաշարով Լոնդոնում, Քյոլնում, Ամստերդամում, Բրյուսելում, Մոսկվայում եւ այլ քաղաքներում: Համերգաշարը կանցկացվի «Արթնացնե՛նք հոգիները» (Wake up the souls) խորագրով եւ նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ապրիլի 23-ի երեկոյան տեղի կունենա նաեւ ավանդական ջահերով երթը, որը կազմակերպում է ՀՅԴ երիտասարդական թեւը: Ապրիլի 24-ի առավոտվանից Ծիծեռնակաբերդի բարձունքում կմեկնարկի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը՝ արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ: Նույն օրը երեկոյան տեղի կունենա «Վերածնունդ» խորագրով դասական երաժշտության համերգը, որին կմասնակցեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների երաժիշտները:

«Համերգի սկիզբը նախատեսված է խորհրդանշական՝ Երեւանի ժամանակով 20:15-ին»,- տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը:

Նա վստահեցրել է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման միջազգային պայքարը չի ավարտվելու ապրիլի 24-ով: «Շատերի մոտ կարծիք կա, թե 100-ամյակից հետո Հայաստանում եւ Սփյուռքում մարելու է պայքարը: Ովքեր հույս ունեն, թե 2015 թ-ից հետո այլեւս չեն զգալու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայության ճնշումը, չարարչար սխալվում են: Սա թյուր հաշվարկ է: 100-ամյակը առիթ է հայության նոր վերելքի եւ համախմբման համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը: