ՊեԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Պաշտպանի խոսքով ` երեք օր տևած քննությունը` կապված Խաչատրյանին կալանավորելու միջնորդության հետ, ձևական բնույթ էր կրում, և ամենևին էական չէր, թե կողմերն ինչ փաստարկներ և հակափատարկներ են ներկայացնում, հայտնում է Հետքը:
Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը`կալանավորումն, ամենախիստ խափանման միջոցն է, և երբ անձի ազատությունը սահմանափակվում է այսպիսի խափանման միջոցի ընտրությամբ, դատարանը պետք է փաստի, որ որևէ այլ խափանման միջոց չի կարող անձի պատշաճ վարքագիծն ապահովել:
«Իսկ ինչո՞ւ են անձին կալանավորում. կալանավորում են, քանի որ վախենում են, որ կթաքնվի, կխոչընդոտի գործի քննությանը կամ նոր հանցանք կկատարի: Ուղիղ 6 ամիս Գագիկ Խաչատրյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող ծանր մեղադրանքով քրեական գործի շրջանակներում խափանման միջոց էր ընտրված ստորագրությունը, և այդ ընթացում նա երբևէ չի թաքնվել, չի խոչընդոտել գործի քննությանը և նոր հանցանք չի կատարել»,- ասաց Երեմ Սարգսյանը և հավելեց, որ եթե Գագիկ Խաչատրյանը վերը նշված արարքներից մեկը կատարեր, ապա օրենքով սահմանված կարգով նրա խափանման միջոցը կփոխվեր:
Պաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու ՀՔԾ-ում քննվող քրեական գործից 6 ամսի անց, երբ ԱԱԾ-ում նրան գրեթե նույն հոդվածով և նույն բովանդակությամբ մեղադրանք է առաջադրվել, հանկարծ մտավախություն է առաջացել, որ Խաչատրյանը կարող է թաքնվել:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ պաշտպանական կողմը դատարանին բազմիցս խնդրել է անդրադառնալ իրենց ներկայացրած առարկություներին, մատնանշել են դրանցից ամենակարևորները, սակայն հպանցիկ ծանոթանալով դատարանի որոշմանը՝ ինքը փաստում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դրանց չի անդրադարձել:
Ըստ Երեմ Սարգսյանին քրեական գործը շուրջ 200 մլն դրամի վատնման մասին է, և իրենք հիմնավորել են, որ նման խախտում չի եղել, և եթե անգհամ եղել է, ապա չկա որևէ փաստական տվյալ այն մասին, որ Գագիկ Խարչատրյանը դրա հետ որևէ առնչություն ունի:
«Այն, ինչում մեղադրվում է Գագիկ Խաչատրյանը, կարելի է ցանկացած պետական կառույցի ղեկավարի վերագրել, որտեղ որևէ չարաշահում է կատարվել՝ այն տրամաբանությամբ, որ դու ղեկավարն ես, պետք է իմանայիր»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումը դատարանը հրապարակել է մոտ մեկ ժամ առաջ: