25.11.2024
Ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն եմ համարում ու չեմ ընդունում. դատավոր Դավիթ Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Սորոսականները»՝ ՀՀ դատաիրավական ոլորտը բարեկարգող

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. ՀՀ դատաիրավական ոլորտում շարունա­կում են անհասկանալի գործընթացներ տե­ղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարա­րած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հա­տուկ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկու­թյուններ են հայտնի դարձել։ Ըստ մեր աղ­բյուրների, այդ գործընթացը, որն իրակա­նում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի հայտնի կարծիքից հե­տո), այլ դատավորների բարեվարքության ուսումնասիրություն, ինչպես նաև գործըն­թացի նախապատրաստական աշխատանք­ներն իրականացվելու են հիմնականում մի­ջազգային տարբեր փորձագետների կողմից։ Տեղեկություն կա, որ հայ փորձագետների մասնակցությունը այս թեմայի մեջ նվազագույն է լինելու, եղածներն էլ՝ խիստ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ կլինեն։ Թերթն իր հրապարակումներից մեկում ար­դեն նշել էր, որ այս գործընթացում ուրույն մասնակցություն են ունենալու Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի ներկայացուցիչները, սա­կայն կարծես «կենացները քաղցրանում» են։ Տեղեկությունների համաձայն, այս թեմայում խիստ ակտիվ են, այսպես կոչված, «սորոսական» թիմի փորձագետները, նրանք արդեն մի քանի հանդիպում են ունեցել ԲԴԽ կազմի հետ, ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ու բուն գործընթացի հիմ­նական թիրախներն ու ռազմավարությունը։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է, եւ չնայած նրան, որ ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանն ազատել է իր 4 տեղակալներից երկուսին, մյուսները շարունակում են աշխատել։ Եվ հետաքրքիր է, որ, օրինակ, Վարդգես Ծաղիկյանը, որ 2006-թվականից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա- Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ եւ այլ տարբեր պաշտոններ զբաղեցրել, իսկ արդեն հեղափոխությունից երկու ամիս անց ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ. մայիս 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, այսօր էլ հաջողությամբ պաշտոնավարում է։ Ըստ ՔԿ ծառայությունում տարածված լուրերի՝ Ծաղիկյանից չազատվելը խորը արմատներ ունի, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է, հետեւաբար արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարել) մեղադրանք է առաջադրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՔԾ-ի, չնայած նրան, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն է նշանակել եւ փորձագետներին է տրամադրել դատավորին պատկանող համակարգիչը, ինչպես նաեւ նրա օգնականին եւ քարտուղարին պատկանող համակարգիչները, դատավորի աշխատասենյակից առգրավված կրիչները։ Նշենք, որ չի բացառվում, որ առաջիկայում քրեական գործով հարցաքննության հրավիրվեն դատավոր Գրիգորյանի քարտուղարն ու օգնականը։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկու­թյուն էր կատարել հուլիսի 17-ին, ես աշխատասենյակը կնքվել էր։ Այնուհետեւ պարզ դարձավ, որ խուզարկությունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում»: 


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օրերս Հատուկ Քննչական ծառայությունն, այնուհետեւ Ազգային Անվտանգության ծառայությունն իրենց մոտ են հրավիրել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ինչպես հայտնի է` մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ էր գրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեծ արձագանք ստացավ եւ սկսվեց ուսումնասիրություն նաեւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից: Այդ նամակի նախաբանում Շիրխանյանը երկրորդ նախագահի հեղինակած գիրքը որակում էր «ստերի հավաքածու»: «Ուզում եմ թարմացնել հիշողությունդ մի քանի դրվագներով», – գրել էր Շիրխանյանը, ապա 23 կետերում ներկայացրել 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը: Շիրխանյանը իր նամակում Քոչարյանին մեղադրում էր արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում էր պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով: Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նամակի հրապարակումից ամիսներ անց Վահան Շիրխանյանին իրենց մոտ են կանչել միանգամից երկու ուժային գերատեսչությունից: Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները մասնավորապես Վահան Շիրխանյանից նամակի կետերի վերաբերյալ հիմնավորումներ են խնդրել, վերջինս էլ դրանք տրամադրել է նրանց՝ պարզաբանելով, թե որ տեղեկությունը որ գերատեսչության արխիվից է հնարավոր վերցնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Վահան Շիրխանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում միայն հաստատեց, որ հրավիրվել է այդ երկու կառույցների կողմից, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հայտնել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսի օդանավակայանում թողնելու խայտառակ դեպքից հետո Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։ ՏՄՊՊՀ-ից օրաթերթին հայտնեցին, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում։ Ի դեպ, քաղաքացիներին նման իրավիճակում գցած «Էյ ընդ Ար տուր» ընկերությունում այս ընթացքում եւս ստուգումներ են իրականացվում։ Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը, սակայն նշենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ: Հավելենք, որ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր 47.1 մլն դրամ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։ Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայու­թյունների կենտրոն»–ը լուծարելու մա­սին որոշման նախագիծը, որը կառա­վարությանը կներկայացվի այսօր։ Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջո­ցառումներ, գյուղատնտեսական կեն­դանիների հաշվառման, համարակալ­ման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն։ Բնականաբար, լուծարման հե­տեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան։


 


«Փաստ» թերթը գրում է. «Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակվել: Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռեւս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։ «Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունը հայտնեցին՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաեւ իշխանությունների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե ոչ մի նկատելի քայլ չի կատարվում։ Նրանք դժգոհում էին նաեւ իրենց պատգամավորներից, որոնք ժամանակին ճոխ խոստումներ էին տվել, իսկ հիմա դրանց մասին մոռացել են: Ի դեպ, տեղացիները նշում էին, որ ներկայումս ողջ քաղաքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բնակչության 90 տոկոսը կքած է վարկերի տակ, իսկ վարկառուների մեծ մասի վարկային պատմությունները դասակարգված են՝ նրանք գտնվում են «սեւ» ցուցակներում։ Թերթի զրուցակիցներից մեկը, որպես քաղաքի մտավորականության ներկայացուցիչ, նշեց, որ ալավերդցիները պատրաստվում են հերթական անգամ նամակով դիմել կառավարությանը՝ գործարանի վերագործարկման հարցով: Նա նաեւ հավելեց, որ քննարկվում է բողոքի էլ ավելի մեծ ցույցեր կազմակերպել՝ գուցե նաեւ ճանապարհներն ու երկաթգիծը հերթական անգամ փակելով։ Իրավիճակի ծանրությանը գումարվում է նաեւ քաղաքի ճանապարհների խայտառակ վիճակը»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ տարբեր բնագավառների աշխատակիցների աշխատավարձերին: Խոսքը հատկապես ռիսկային ոլորտներին է վերաբերում, ուր աշխատավարձերը, մեղմ ասած, անբավարար են: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են բժշկական հաստատությունների աշխատակիցները: Առողջապահության նախարարությանն ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկացնել, թե 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ որքա՞ն է կազմում պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների բժիշկների, բուժքույրերի, մաքրություն իրականացնող անձանց նվազագույն եւ միջին աշխատավարձը: Նախարարությունից տեղեկացնում են, որ բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի ձեւավորման ընդհանուր սկզբունքները եւ կողմնորոշիչ չափաքանակները սահմանվում են՝ համաձայն եւ՛ առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 16-ի N 2108-Ա, եւ՛ առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի N 259-Ա հրամանների։ 


«Ըստ կառավարության 2019 թվականի բյուջետային ուղերձի՝ բժիշկի հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կազմում է 240 հազար դրամ, բուժքույրինը՝ 120 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 100 հազար դրամ»,-փոխանցում են նախարարությունից: Հարցրել էինք՝ վերջին անգամ ե՞րբ է բարձրացել նրանց աշխատավարձը եւ որքա՞ն։ «Արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 2019 թվականի փետրվարին՝ համաձայն առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի N 259-Ա հրամանի, իսկ հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բուժանձնակազմի վարձատրության բարձրացման հիմք է հանդիսանում առողջապահության նախարարի 2019 թվականի հուլիսի 4-ի 1842-Ա հրամանով սահմանված բժշկական ծառայությունների գների եւ նորմատիվների բարձրացումը։ Վերջինս ուղղակիորեն կանդրադառնա աշխատավարձերի բարձրացման վրա, քանի որ աշխատավարձը հաշվարկվում է բժշկական ծառայության գնի նկատմամբ կիրառված տոկոսով»,-ի պատասխան մեր հարցի՝ հայտնում են առողջապահության նախարարությունից»: