Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ակտիվանում են տնտեսական ու հումանիտար կապերը: Այժմ Երեւան-Բուխարեստ ուղիղ չվերթները, որոնք իրականացնում է ռումինական պետական Տարոմ ավիաընկերությունը, շաբաթական 3 անգամյա հաճախականությամբ են տեղ ունենում: Տարեվերջին սակայն չվերթները կարող են ավելանալ՝ հասնելով շաբաթական մինչեւ 5 անգամի:
Այս մասին «Հայաստան եւ Ռումինիա. հասարակություն, համագործակցություն եւ հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը՝ հիշեցնելով, որ ապրիլի 3-ին են սկսվել Երեւան-Բուխարեստ ուղիղ չվերթները:
Նրա խոսքով, սա վերջին երկու տարիների ընթացքում միջպետական հարաբերությունների, մասնավորապես, տնտեսական հարաբերությունների զարգացման արդյունք է: «Կարեւոր դեր է խաղում նաեւ այն ծրագրերի իրականացումը, որոնք ոչ միայն պետական , մասնավորապես, խորհրդարանական, այլեւ փորձագիտական ուղղվածություն են ունենալու: Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ շատ նմանություններ կան: Երկու երկրները հետկոմունիստական են, երկու երկրները եղել են Օսմանյան կայսրության կազմում:
Վերջին 30 տարիներին Հայաստանը եւ Ռումինիան հաջողություններ են արձանագրել քաղաքական վերափոխման մեջ: Սա խոսում է այն մասին, որ երկու երկրների համայանքների միջեւ կարող են քննարկման համար հետաքրքրիր թեմաներ լինել, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, քաղաքական մշակույթի, աշխարհաքաղաքականության եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում», - ասաց նա:
Դեսպանը հիշեցրեց, որ Ռումինիան առաջին երկրներից մեկն է, որ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ, առաջիններից է, որ վավերացնելով ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, եւ Ռումինիայի հայ համայնքը մեծ դերակատարություն ունի այս բոլոր գործընթացներում:
Հայաստանի եւ Ռումինիայի նմանությունների մասին խոսեց նաեւ քննարկման մասնակից Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ այդ նմանությունները պայմանավորված են նրանով, որ ե՛ւ Ռումինիան, ե՛ւ Հայաստանը պատմական կտրվածքով գտնվել են միանման քաղաքական պայմաններում, ինչպես նաեւ անցել են բարդ ճանապարհ արդեն ներկայում։ «Օսմանյան կայսրության կազմում գտնվելը, կոմունիստական անցյալը, Ռումինիայում Չաուշեսկուի եւ ԽՍՀՄ-ում (հետեւաբար՝ նաեւ Հայաստանում) Ստալինի կառավարման նման ռեժիմները։ Համագործակցության գլխավոր հիմքերից կարող են ծառայել նաեւ մշակութային կապերը»,- նշել է նա։
Փորձագետն ընդգծել է, որ քաղաքական տարանցումը եւ քաղաքական փոխակերպումը թե՛ Հայաստանում, թե՛ Ռումինիայում, որի մասին շատ են խոսում, մի ինչ-որ եզակի բան չէ, քանի որ գործընթացները տեղի են ունենում այդ թվում եւ Արեւմուտքում, դրա համար դա չի կարող խոչընդոտ դառնալ ինչպես պետության, այնպես էլ միջպետական հարաբերությունների զարգացման համար։