4.05.2025
Հեղափոխություն Արցախում և հակառուսականություն. «Սասնա Ծռերի» օրակարգը դեստրուկտիվ է
prev Նախորդ նորություն

Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Երեւանում ընդունել են Ստանիստալ Զասին

ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետն Նիկոլ Փաշինյանը Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:


Մինչ այդ նրան ընդունել էր նաե ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարը նշել է, որ Բիշկեքում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։



Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է նաեւ, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը Բիշքեկում ԱԳՆԽ նիստի արդյունքում ՀԱԽ-ի նիստին ներկայացնելու համար և վստահեցրեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։


Վարչապետի նստավայրում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:



Վարչապետը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:


Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ ընդունելության և Հայաստանի կողմից իր թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության արժանացնելու համար: Նա նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և անդամ պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:


Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին և այլն:


Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ աշխատանքը՝ գործուն օրակարգի ձևավորման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ:


Ստանիսլավ Զասը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թ. հունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ իր գործունեությունը ծառայեցնելու է հենց այդ նպատակների իրագործմանը և կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը:


Նա նաև շնորհավորել է ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:


 

Լիտվայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով