VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետն այցելել է Արցախ՝ մասնակցելու ԱՀ անվտանգության խորհրդի նիստին: «Փաստ» թերթի տեղեկություններով, արցախյան հարցով Հայաստանի իշխանություններն ունեն մի շարք տարբերակներ, որոնք բոլորն էլ, բնականաբար, բխում են Հայաստանի ու Արցախի շահերից և դուրս են դավադրապաշտության բոլոր սահմաններից: Սակայն հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտածում է պլան «Բ»-ի մասին, ըստ որի, մեզ համար ոչ այնքան հաճելի գործընթացների հեռանկարի պարագայում Փաշինյանը փնտրելու է հերթական «քավության նոխազին», և, որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, ընտրվելու է Զոհրաբ Մնացականյանը: Այդ պարագայում նա պարզապես փոխելու է ԱԳ նախարարին, ինչը թույլ կտա մի կողմից ժամանակ շահել, մյուս կողմից՝ մեղավորության ամբողջ բեռը բարդել նրա վրա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, եւ ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի: Երեւանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը փաստացի նախազգուշացում է Ադրբեջանին, որը Երեւանում ՆԱՏՕ շաբաթվան զուգահեռ անցկացնում է խոշորագույն զորավարժություն, ընդ որում՝ առանց դրա մասին պատշաճ միջազգային իրազեկման: Կովկասի խաղաղության եւ կայունության հեռանկարով ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը անկասկած պայմանավորված է ոչ թե մարդասիրական եւ խաղաղասիրական իդեալներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խաղաղասիրական իդեալներով եւ մարդասիրությամբ, այլ նաեւ գործնական քաղաքականության միանգամայն ռացիոնալ հանգամանքներով: Կովկասի խաղաղության վտանգումը բերելու է ամբողջ միջազգային անվտանգության համակարգի խեղման՝ նկատի ունենալով այն, որ Կովկասը գործնականում ոչ միայն Մերձավոր Արեւելք չէ եւ ավելի մոտ, ուղղակի սահմանակից է Եվրաատլանտյան տիրույթին, այլ դե ֆակտո այդ տիրույթի մաս է իր քաղաքական կազմությամբ եւ բաղադրությամբ, թեեւ աշխարհագրորեն դուրս է Կովկասից:
Պատերազմը Կովկասում նշանակում է պատերազմ Եվրոպայում, ընդ որում՝ պատերազմ, որտեղ անմիջական ներկայացվածություն ունեն Թուրքիան եւ Ռուսաստանը: Ընդ որում, այդ պատերազմը կամ շարունակվելու է Եվրամիության սահմանին անվերջանալի նոր քաոսով, կամ էլ, մեծ հաշվով, ավարտվելու է Թուրքիայի հաղթանակով: Ու թեեւ Անկարան ՆԱՏՕ անդամ է, սակայն դա լինելու է հաղթանակ նաեւ ՆԱՏՕ-ի նկատմամբ, հենց ՆԱՏՕ անդամությունը հաշվի առնելով: Կովկասում պատերազմն այդ իմաստով ծուղակ է լինելու ՆԱՏՕ-ի համար, եւ Եվրաատլանտյան հանրությունն իր արդեն էլ ավելի անմիջական քթի տակ ունենալու է Ռուսաստանին հաղթած Թուրքիա, որը դե ֆակտո տնօրինելու է մինչեւ Հեռավոր Արեւելք ու Չինաստան տնտեսա-քաղաքական տարածությունը: Խոշոր հաշվով, հենց այդ հեռանկարները «ինստիտուցիոնալ» կերպով կանխելու համար է նաեւ ՆԱՏՕ-ն մի կողմից գործակցում ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ, մյուս կողմից՝ ձեւավորում իր ենթակառուցվածքային հենակետերը Հայաստանի հյուսիսային հարեւան Վրաստանում: Այդ իմաստով, ի դեմս ՆԱՏՕ-ի, Հայաստանն ունի Կովկասի խաղաղության հուսալի դաշնակից, որը, անշուշտ, խաղաղության աներկբա երաշխավոր լինել չի կարող, առնվազն քանի դեռ հագեցած չէ ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Վրաստանում, սակայն կարեւորագույն գործընկեր է քաղաքական կանխարգելման տրամաբանության տեսանկյունից»:
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ այսօր կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Թեեւ նիստի օրակարգի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ նման շտապ միջոցառման անհրաժեշտություն է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից հետո։ Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահները՝ ոչ հասցեական, սակայն պատասխանել էին Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք որակելով՝ որպես բանակցային ձեւաչափը միակողմանիորեն փոխելու անթույլատրելի փորձեր։ Այդ հայտարարությունից հետո Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է, ըստ էության, փակուղային վիճակում։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու իր իսկ հայտարարությունից, մյուս կողմից՝ չի կարող ուղղակի մասնակցել բանակցությունների, որոնց ընթացքում չի քննարկվելու Արցախի մասնակցության հարցը։ Այս հարցերի համախումբն է Նիկոլ Փաշինյանին ստիպել Անվտանգության խորհրդի արտագնա ու արտահերթ նիստ անցկացնել Արցախում։ Ի՞նչ ուղերձ կհղվի Ադրբեջանին ու համանախագահող երկրներին այդ նիստի արդյունքներով, պարզ կդառնա այսօր։ Մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ սա փորձ է Ալիեւի հետ հանդիպումից առաջ որոշակի տպավորություն թողնելու, որ Արցախն անուղղակիորեն մասնակցում է բանակցային գործընթացին, եւ այդպիսով հիմնավորելու Ալիեւի հետ հանդիպումը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրենով անել նաեւ էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը: Քանի որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լուծարվում է եւ միացվում տարածքային կառավարման նախարարությանը, Ավինյանը փորձում է այս նախարարությունում էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակել իր մտերիմ Տիգրան Արզումանյանին: Իրար հետ մտերիմ են նաեւ նրանց ծնողները. նրանց ամառանոցները կողք կողքի են»:
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, կտրուկ սրվել են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները: Ըստ մեր աղբյուրների, Իգիթյանը հենց ամենասկզբից նեղսրտած է եղել, որ իրեն՝ որպես ավելի փորձառու եւ հմուտ գործչի, լիարժեք չեն գնահատել եւ չեն վստահել հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնելու գործառույթը եւ կուսակցական քվոտայով այդ պաշտոնը տվել են ՔՊ-ական Ռուբինյանին: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների, հատկապես տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների եւ հանրային քննարկումների ժամանակ երկուսն էլ փորձում են քողարկել լարված հարաբերությունները, թեպետ դա դժվարությամբ է նրանց հաջողվում: Մեր զրուցակիցներից մեկը պնդում էր, որ Հ. Իգիթյանը նեղ շրջանակում այս առիթով դժգոհում է, թե ինքը ստիպված է աշխատել անփորձ Ռուբինյանի «ենթակայությամբ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործի նախաքննությունը վերսկսվեց լայն թափով: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել 2008թ. բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Այդ մասով գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, միաժամանակ, սակայն, Մարտի 1-ի 10 սպանությունները դեռ բացահայտված չեն, ու հայտնի չէ՝ ինչ փուլում է այդ դրվագով գործի քննությունը: Իսկ նախկին ընդդիմադիր գործիչների վերջին հրապարակային խոսքերից էլ տպավորություն է ստեղծվում, թե այլեւս կարեւոր չէ այս գործի ընթացքը, այլ կարեւորը նախկին պաշտոնյաներին մեղադրյալի աթոռին նստեցնելն էր: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից հայտնեցին, թե այդ դրվագով գործի նախաքննությունը շարունակվում է: «Ինչպե՞ս կարող է ՀՔԾ-ի համար կարեւոր չլինի սպանությունների բացահայտումը»,- փոխանցեցին ՀՔԾ-ից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ։ Չնայած պաշտոնապես չեն ասում, թե ինչու են նիստը տեղափոխել Արցախ, սակայն պարզ է, որ այն պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ։ Երեկ Արցախ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, ԱԳ նախարարները, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ եւ ՀՀ նախագահներն են, որ անվտանգության խորհրդի անդամ չեն․ նրանք այդ կազմից դուրս են մնացել սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանն իր կուսակից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այսօր կայանալիք նիստին, նա նույնպես մասնակցում է։ Իսկ նախագահ Արմեն Սարգսյանին եղե՞լ է հրավեր՝ հարցրինք նրա գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանին։ «Ոչ, ՀՀ նախագահը հրավեր չի ստացել»,- մեզ հայտնեց Պետրոսյանը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրվա իշխողները բզին ձեռքով խփելու տրամաբանությամբ են առաջնորդվում: Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակման աղմուկը դեռ չխաղաղված (հիշենք`այն պայթեցրեց համացանցը), մեկ-երկու օր անց, ասում են, վերջինս հավաքել է Հայաստանի հազար հարկատուների ցուցակի առաջին երեք տասնյակ գործարարների (գրասենյակից զանգել են գործարարներին, «ապսպրել»` գա բացառապես այն մարդը, ով հարց լուծող է) եւ եկածների առջեւ պահանջ դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար` դասական երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար։ «Թումանյանի շաուրման» Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ին «միացնելու» տրամաբանությամբ առաջնորդվող իշխանությունների այս նորամուծությունը նույնպես հետաքրքիր է. ռեկետի «հերթը» հասել է դասական երաժշտությանը, նման գումարով կարելի է մի ողջ Լա-Սկալա կառուցել, հինգ Բախ, վեց Մոցարտ ծնել»,- ասաց ասողը»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա։ Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ։ Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, ով ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է։ Էդիկ Գսպոյանը դժվար թե կարողանար տեսչության օբյեկտիվ վերահսկողություն իրականացնել խոշոր հարկատու մետրոպոլիտենում, երբ իր աղջիկը այնտեղի գնումների պատասխանատուն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը տիկնոջ հետ Միացյալ Նահանգներում է. ըստ էության՝ այնտեղ, որտեղից եկել էր Հայաստան նախարար աշխատելու: Ամիրյանին Հայաստանի հետ կապողը նախարարի պաշտոնն էր եւ դրա միջոցով հավելյալ փող աշխատելու հնարավորությունը, որը նա ԱՄՆ-ում չունի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց․ «Սուտ է… այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք` չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»: Իսկ ԵՊՀ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Տեղյակ չեմ»: Եթե տեղի ունենա, եւ Ձեր թեկնածությունը, բոլոր դեպքերում, առաջադրվի, կհրաժարվե՞ք։ «Հիմա, այս պահին նման թեմա չկա»: Եթե լինի՞… «Չգիտեմ, հիմա չկա»: Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը քննարկում է նաեւ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը, համենայնդեպս, վերջինս լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչը հարուցել է նախկին իշխանություններից դժգոհ ԵՊՀ աշխատակիցների զայրույթը: Բանն այն է, որ երբ սկսվել էր հեղափոխական շարժումը, եւ Նիկոլենց թիմը` Արայիկ Հարությունյանի եւ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնացել էր համալսարանը «գրավելու», հենց Գեւորգյանն էր հանձնարարել դռները փակել հեղափոխականների առջեւ։ Ավելին` Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ մտնելիս վիրավորեց եւ ստացավ Փաշինյանի կոշտ պատասխանը: «Ու այսօր այնպես է ստացվել, որ դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլեւ հավակնում է ռեկտորի պաշտոնին»,- ասաց ԵՊՀ-ականը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում «Ռեստարտի» վերջին քայլին։ «Աղբաման նետելու փո՞րձը, ես այն համարում եմ ոչ այնքան հաջողված»: Ի՞նչ պետք է անեին, որ հաջողված լիներ։ «Չէ, չէ. ես նկատի ունեմ բռնության գործադրումը․ բռնության գործադրումը ես չեմ ողջունում»: Իսկ ի՞նչն եք ողջունում։ «Ես իրենց ամեն արածը ողջունում եմ, բացի բռնությունից, անգամ եթե բռնությունն արվում է մի մարդու նկատմամբ, ով տարիներ շարունակ արդարացրել է ոստիկանության ապօրինությունները, միեւնույն է` չեմ ողջունում»: Բոլոր դեպքերում, մարդու, մեդիաիրավունքների պաշտպանության հարցերում էլ «առաջվանը» չեք։ «Մեր մոտեցումները վերաբերում են ոչ թե անձի, այլ պետության մոտեցումներին. պետությունն իր ֆունկցիաները լիովին կատարում է»: Դուք «անձերին» «դաուններ» եք անվանում: «Ես դրա համար ներողություն եմ խնդրել»: Բա իրավապաշտպանն իրավունք ունի՞ նման բան ասելու։ «Սխալվեցի, լավ` պատին դեմ տվեք, գնդակահարեք ինձ»: Չենք անի, մեծահոգի ենք, բայց տեսակետ կա, որ իշխանություններում սորոսականների` «սորոսական Դանիի» եւ իշխանական ոչ սորոսականների միջեւ անզիջում պայքար է ընթանում։ «Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ. օրինակ` ԵՊՀ-ն սորոսակա՞ն է, ոստիկանությունը սորոսակա՞ն է, ժամանակին իրենք էլ են Սորոսից գումար ստացել»: Իսկ Դուք սորոսակա՞ն եք: «Ձեւակերպեք` ի՞նչ ասել է սորոսական, եւ ես կասեմ` ե՞մ, թե՞ ոչ»: Դե, ըստ տարածված կարծիքի, «Սորոսի փողերն են ուտում, քանդում են երկիրը»: «Ես չեմ համարում, որ քանդում եմ երկիրը, ես համարում եմ, որ այսքան ժամանակ, ինչ մենք քանդել ենք, դա մարդու ոտնահարումների ծավալն է, ժողովրդին խաբելու ծավալն է, ստախոսների ոտքերն են` փոխաբերական իմաստով»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ժ. ԱՆդրեասյանը հայտարարագրել է բնակարան: Ներկայացված են նաեւ տվյալներ՝ դրամական միջոցների եւ եկամտի մասին, իսկ շարժական գույք հայտարարագրված չէ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը հայտարարագրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 1 359 474 ՀՀ դրամ դրամական միջոց: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 613 977 ՀՀ դրամ: Նշված եկամտից 259 320 ՀՀ դրամը, 193 996 ՀՀ դրամը, 113 356 ՀՀ դրամը եւ 2793 ՀՀ դրամը գոյացել է չորս տարբեր աշխատավարձերից: Եկամուտների հանրագումարի նշված թվից 44 512 այլ եկամուտներ են: Ժ. Անդրեասյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 15-ին»: