23.11.2024
Երևանում տեղի է ունենում ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների միջազգային համաժողովը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. նոր ատոմակայանի կառուցման հարցը կառավարության օրակարգում չէ՞

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինարարության հարցը ՀՀ կառավարության օրակարգից որոշ ժամանակով դուրս է եկել: Այդ մասին է վկայում «Ժողովուրդ»-ի հարցմանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տված պատասխանը: Իհարկե, ՀՀ կառավարությունում այդ փաստն ուղղակի չեն խոստովանում, նշում են, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը տասը տարով երկարաձգվելու է, եւ իրենք նոր էներգաբլոկի շինարարության խնդիրը լուծելու համար դեռ ժամանակ ունեն: Սակայն մյուս կողմից խոստովանում են, որ նոր էներգաբլոկի շինարարության համար շուրջ 5 միլիարդ դոլար գումար է հարկավոր, որից միայն մեկուկես միլիարդի տեղը միայն գիտեն, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է՝ որպես ներդրում տրամադրել ատոմային կայանի ռեակտոր` իր սարքավորումներով հանդերձ: Իսկ ամենակարեւորը մնացած գումարը «հայթայթելու» հարցն է, որի լուծումը ՀՀ կառավարությունը դեռեւս չունի»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական և գործարար ռուսամետ շրջանակներում խոսվում է, որ Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում ամեն տարի անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ճաշկերույթ-դրամահավաքը այս տարի էլ տեղի չի ունենա։ Ավանդական այս դրամահավաքին սովորաբար մասնակցում էին հիմնականում ռուսաստանաբնակ խոշոր գործարարները, մասնավորապես Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և ուրիշներ, որոնց ներդրած գումարը բավական պատկառելի էր լինում։ Երբ անցյալ տարի առաջին անգամ այս ավանդույթը խախտվեց, հույս կար, որ հաջորդ անգամ այն կկայանա։ Երեկ, երբ փորձեցինք «Հայաստան» հիմնադրամի լրատվական ծառայությունից ճշտել այս տարի կայանալո՞ւ է Մոսկվայի ճաշկերույթ-դրամահավաքը, մեզ դժվարացան պատասխանել։ Փոխարենը, հոկտեմբերի 18-ին Տորոնտոյում տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ ավելի քան 700 հազար դոլար է հավաքագրվել, որը տեղի համար համարվում է ռեկորդային։ Իսկ ընդհանրապես, վերջին 2-3 տարում «Հայաստան» հիմնադրամ մուտք արվող գումարների նվազման միտում է արձանագրվում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցությունը հավանաբար նիստ կգումարի, որպեսզի ի վերջո որոշի, թե իրենց խմբակցությունից ովքեր են ցանկանում անվճար եթերաժամում ելույթներ ունենալ։ Հիշեցնենք՝ Թևան Պողոսյանը, որպես «Ժառանգություն» խմբակցության քարտուղար (քանի որ Զարուհի Փոստանջյանը դեռ պաշտոնապես խմբակցության ղեկավար չէ) կարող է դիմել եթերաժամ ստանալու խնդրանքով բայց հայտարարել է, որ դա անելու է պայմանով եթե իմանա, թե ինչ են մտածում այդ առնչությամբ խմբակցության մյուս անդամները։ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք ինքը մասնակցելու է այդ նիստին։ «Մենք խմբակցությունում հարցը կքննարկենք, ու կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի։ Կարծում եմ, որ եթերաժամ ունենալու է խմբակցությունը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հավելեց. «Կարծում եմ այս օրերին կզրուցեմ Ռուբեն Հակոբյանի, Ալիկ Արզումանյանի հետ ու արդեն հստակ դիրքորոշում կներկայացնենք, թե ով ինչպես է ցանկանում օգտվել եթերաժամից»։ Մեզ չհաջողվեց այս առնչությամբ Ալիկ Արզումանյանից մեկնաբանություն ստանալ»: