Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես. Զախարովայի ուշագրավ արձագանքը Պուտինի լռության մասով
Ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ: Tert.am-ն այս հարցն ուղղել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և ստացել շատ ուշագրավ պատասխան:
«Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքել է․ «Արդեն պատասխանել եմ»:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, շնորհավորել էր Սերժ Սարգսյանին՝ իր գլխավորած Հանրապետական կուսակցության հաղթանակի առթիվ:
Այս պահի դրությամբ, բացի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունից, Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ղեկավարները: Երեկ ուշ երեկոյան Փաշինյանը շնորհավորանք ստացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերիյ Սեմերիկովից:
Նիկոլ Փաշինյանին այս տարի շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչին, ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:
Հարևան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտը, ինչպես նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: