ՀՀ–ն երբեք չի դառնալու հակառուսական պլացդարմ
Ռուսաստանի հետ Հայաստանն ունի շատ խորը, կարևոր հարաբերություններ, ինչը շարունակական է լինելու: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր, շատ տրամաբանական և բացատրելի, և մենք խնդիր չունենք դա շատ հստակ բացատրելու մեր մյուս գործընկերներին»,- ասել է նախարարը` հավելելով, որ պետք է ջանքեր ներդնել և բացատրել հնարավորինս պարզ և հստակ, որ Հայաստանը «մեկի հետ մյուսի հաշվին հարաբերություններ» երբեք չի կառուցել և նպատակ չունի կառուցելու։
ՀՀ–ի նոր ԱԳ նախարարը շարունակում է այն քաղաքական ուղենիշը, որն առկա էր ՀՀ–ի արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ չդառնալ որևէ ուժային կենտրոնի պլացդարմ ընդդեմ մյուս գործընկերների ու չկանգնել արտաքին քաղաքականությունում «կա՛մ ՌԴ, կա՛մ Արևմուտք» ընտրության առջև։
Փաշինյանի կառավարությունն որդեգրելու է, գոնե ըստ հայտարարությունների, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության` «և–և»–ի մոդելը` պահպանել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները ՌԴ–ի հետ, մնալ ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի մեջ, պահպանել ռուսական 102–րդ ռազմակայանը, որպես ՀՀ–ի ազգային անվտանգության ապահովման կարևոր երաշխիք` ընդդեմ Թուրքիայի, և կառուցել բազմաշերտ հարաբերություններ այլ ուժային կենտրոնների հետ` ԱՄՆ–ԵՄ, ինչպես նաև Չինաստան, որպես նոր գերտերության, որի շահերն ու ազդեցությունը տարածվում են մինչև Հարավային Կովկաս։
ՀՀ–ն պարտավոր է արտաքին քաղաքականությունում զերծ մնալ «կարմիր գծեր» հատելուց թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի հետ հարաբերություններում` առաջնորդվելով միայն հայաստանամետ, հայակենտրոն, ՀՀ–ի ազգային, պետական շահերով։
Բալանսավորված արտաքին քաղաքականությունը կարևոր է նաև ղարաբաղյան հիմնահարցը կարգավորելու համար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացված են Արևմուտքի` ԱՄՆ, Ֆրանսիա, ինչպես նաև ՌԴ–ի կողմից։
Չդառնալ Արևմուտք–ՌԴ նոր «սառը պատերազմում» «գործիք»` դա է ՀՀ–ի վստահելի գործընկեր ընկալվելու միակ երաշխիքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ինքը ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, այլ հայաստանամետ է։