Ոստիկանությունում այսօր չկան կոռուպցիոն տարրեր. Օսիպյան
Ոստիկանությունում այսօր չկան կոռուպցիոն տարրեր, թեև չեմ բացառում, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ կարող են պատասխանատվության ենթարկվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե ոստիկանությունն ավանդական կառույցներից է, որտեղ կոռուպցիա է եղել:
Օսիպյանի խոսքով, նախկինում եղել են ստորաբաժանումներ, որոնք կապ են ունեցել կոռուպցիայի հետ, բայց ասել, թե ոստիկանությունում դա տարածված է եղել որպես երևույթ ճիշտ չէ: Ոստիկանապետը նշեց, որ դրանք հիմնականում այն ստորաբաժանումներն են, որոնք առնչվում են քաղաքացիների հետ՝ օրինակ ՃՈ:
Արձագանքելով հարցին, թե երբ կարելի է սպասել նախկին իշխանությունների օրոք արվածների մասով բացահայտումներ, Օսիպյանն արձագանքեց.
«Չեմ կարող ասել, թե նախկին ոստիկանապետի ժամանակ ինչպես է եղել: Նախկինում ՃՈ-ն չի եղել իմ ենթակայության տակ, բայց չբացառենք, որ եղել է կոռուպցիա: Մենք տիրապետում ենք իրավիճակին, ունենք որոշակի դրվագներ, որոնք բացահայտումը դեռ ընթացքի մեջ է»:
Ոստիկանապետը չբացառեց, որ հնարավոր է հունվարից համակարգում աշխատավարձերի բարձրացում լինի, ինչպես նաև ոստիկանության ծառայողների թվի կրճատում: Ընդ որում, հորդորեց այդ կրճատումը չդիտարկել այն կոնտեքստում, թե նախկինում ոստիկանապետություն է եղել: