24.11.2024
Վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն. նախագահ
prev Նախորդ նորություն

Հերոսամարտից 100 տարի անց հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը. Փաշինյան

100 տարի առաջ այս օրը՝ 1918թ․ մայիսի 28-ին, մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ պատկանում էր ժողովրդին: Եվ այս երկիրը կոչվեց Հանրապետություն: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա, այլ՝ տեր: Եվ դա իսկապես ճակատագրական շրջադարձ էր, առայժմ միայն կարգավիճակի փոփոխություն, բայց այդ կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց իր քրտինքով և արյամբ: 


«Բաշ Ապարանում, Սարդարապատում հայ ժողովուրդը գրանցեց իր պատմության փառահեղ հաղթանակները և ջախջախելով թուրքական զորամիավորումները՝ այդ հաղթանակի թագն ու պսակը դարձրեց Առաջին Հանրապետության հռչակումը: Նշված ճակատամարտների պատմությունն աննախադեպ է, քանի որ հարց էր առաջանում, թե ինչպե՞ս ցեղասպանության միջով անցած, թալանված և ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը կարողացավ հաղթել թուրքական բանակին: Արդյո՞ք դրա համար կային սոցալ-տնտեսական նախադրյալներ: Ոչ: Պրագմատիզմի և սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, բայց մենք հաղթեցինք, որովհետև սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր էությունը անապատներ քշվելն ու կոտորվելը չէ: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև իր պատմության վերջին 400 տարում առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա, հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության և արժանապատվության միակ երաշխիքը, որ մեզ՝ քաղաքացիներին պատկանող պետությունն է մեր անվտանգությունն ու ապագան: Մենք հասկացանք, որ ազգային որևէ երազանք հնարավոր չէ ի կատար ածել առանց պետություն, ինքնիշխանություն, անկախություն ունենալու»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:


Նրա խոսքով, 2018 թվականին՝ Սարդարապատի հերոսամարտից 100 տարի անց հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական հայրենիքում: Ըստ Փաշինյանի, այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում և շատերը մինչև այսօր հարց են տալիս՝ ինչպե՞ս դա եղավ: Իսկ պատասխանը, ըստ թավշյա հեղափոխության առաջնորդի, հետևյալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հավատաց ինքն իրեն, իր ուժերին և իր ապագային.


«Հայ ժողովուրդը պետք է հաղթեր, որովհետև իր երակներով հոսում էր Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսների արյունը: Եվ հիմա հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանություն: Եվ այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Եվ այլևս Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի, հավատի և լավատեսության կորուստ: Հայաստանի Հանրապետությունը պետք է Երկիր մոլորակի վրա գոյություն ունենա հավիտյան»,- հավելեց վարչապետը: