23.11.2024
Հերոսամարտից 100 տարի անց հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել ժողովրդավարություն. Լը Դրիան

Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել ժողովրդավարություն: Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։


«Մենք մեծ ոգևորությամբ ենք սպասում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը չափազանց կարևոր է երկու երկրների համար էլ», - ասաց նա։


Նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նշեց, որ Ֆրանսիան կարևորում է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը և  շատ ակտիվ ներգրավված էր դրա կայացման գործում: Այն լիովին համապատասխանեցված է Հայաստանի մյուս միջազգային պարտավորությունների հետ, ընդ որում, շեշտեց նա, Հայաստանը միակն է, որ նման գործակցություն պետք է ունենա ԵՄ հետ:


Ֆրանսիացի նախարարն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Նրա խոսքով, իր երկիրը վճռական է շարունակելու ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։


«Մենք համոզված ենք, որ ուժի կիրառումը լուծում չէ, և լիովին համամիտ ենք այս հարցում՝ ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն, հիմնախնդրին պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով։ Մենք կպաշտանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջընթաց արձանագրել այս հարցի լուծման ուղղությամբ և կբերի խաղաղություն ու կայունություն», -հավելեց նախարար Լը Դրիանը։


Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ երկխոսությունը չափազանց գործնական ու արդյունավետ էր, քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում նաև ֆրանսիական ներդրումները Հայաստանում։


«Ժան-Իվ Լը Դրիենն առաջին արտգորնախարարն է, որ Հայաստան է այցելում քաղաքական գործընթացներից ու նոր կառավարության ձևավորումից հետո: Նրա ծրագիրը բավականին հագեցած է, նա կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարը։


Նաև տեղեկացրեց, որ 2018թ. աշնանը Ֆրանիսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի  Հայաստան: