Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի անկախությանը սատարող բանաձև
Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը մայիսի 22-ին միաձայն ընդունել է բանաձև, որով սատարում է Արցախի Հանրապետության անկախությանը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն:
Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է անում կենտրոնական կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։
Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.
Բանաձև
1․ Ռայդ քաղաքի Քաղաքային խորհուրդը նշում է, որ 2018 թ․ լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, ինչը հանգեցրեց 1991 թ․Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը։
2․ Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը․
ա) հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի և ազատ ու ժողովրդավարական հասարակության կարևորությունը,
բ) ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
գ) ընդգծում է Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը։
դ) սատարում և խրախուսում է միջազգային հանրությունում Արցախի Հանրապետության ներգրավվածությունը՝ առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով,
ե) խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը, և
զ) կոչ է անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների հետ։