25.11.2024
Փորձագետ. Ադրբեջանն ու Ղազախստանը կարող են կրկնապատկել ապրանքաշրջանառությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր վտանգը ոչ թե Ալիևի հայտարարություններն են, այլ Արևմուտքի ծրագրերը. Լեպեխին

Իլհամ Ալիևը Ադրբեջանի արտաքին մարտահրավերները դիտարկում է ավելի լայն կոնտեքստում, որում Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը ամենամեծ սպառնալիքը չէ Բաքվի համար: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: Նա վստահ է, որ գլխավոր վտանգը Հայաստանի համար այնտեղ չէ, որտեղ թվում է:

Լեպեխինը նշել է, որ այսօր շատ քաղաքական գործիչներ ու փորձագետներ գուշակում են, թե ինչով էր պայմանավորված Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացման ժամկետների կրճատումը: Նրանցից ոմանք դրա դրդապատճառ են նշում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի համար պատերազմի սանձազերկծումը, առավել ևս, որ օրերս Ալիևը բավականին ռազմատենչ ելույթ ունեցավ՝ կոչ անելով «ճնշել» Հայաստանը և չբացառելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումը:

«Այն, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ցավագին ընդունվեցին Երևանում բնական է: Հայ-ադրբեջանական հարաբերությունները, ի վերջո, այն նավակը չէ, որը ճիշտ է ճոճել նախագահական ընտրությունների նախաշեմին: Միևնույն ժամանակ, որոշ վերլուծաբանների պակասում է իրական քաղաքական հոտառությունը, քանի որ կարծում եմ, որ Իլհամ Ալիևը դիտարկում է Ադրբեջանի արտաքին մարտահրավերները ավելի լայն կոնտեքստում, որում սառեցված ղարաբաղյան հակամարտությունը ամենամեծ վտանգը չէ Ադրբեջանի համար»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, Ադրբեջանի սահմաններին այսօր մոտենում է ահռելի մի սպառնալիք, որը հաշվի չառնել ուղղակի հանցագործություն է: Խոսքն ամբողջ Մերձավոր Արևելքում համաշխարհային խաղացողների միջև ազդեցության և դերակատարության համար մղվող պատերազմի երկրորդ շրջապտույտի մասին է: Եվ սա պատերազմ է, ըստ Լեպեխինի, որը սպառնում է ավելի հզոր ու մասշտաբային լինել, քան դրա առաջին փուլն էր՝ 2011-2017թթ-ին և ակնհայտ է, որ իր մեջ կներառի ոչ միայն Սիրիան, Իրանը, Եմենը, Թուրքիան ու քրդերին, այլև Իրանը, Իսրայելն ու Հարավային Կովկասի պետությունները.

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սիրիական էպոպեան դուրս է գալիս երկրորդ շրջափուլ և երկրորդ փուլում դիտվելու է առանցքային խաղացողների փոփոխման գործընթաց: Առաջին փուլում Վաշինգտոնը խաղում էր Կատարով ու Թուրքիայով, որոնց միջոցով ԱՄՆ-ն աջակցում էր Սիրիայում տարատեսակ հակաասադյան ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում ԻՊ-ը: Այսօր ամերիկացի զինվորականները ընդլայնում են իրենց ներկայությունը տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում ազդեցության համար մղվող պատերազմում շեշտը դրվում է ոչ թե իսլամական ծայրահեղականների վրա, որոնք տեղափոխվում են Աֆղանստան՝ Կենտրոնական Ասիայի սահմաններին ավելի մոտ, այլ քրդերի ու իսրայելցիների վրա: ԱՄՆ-ն դուրս է գալիս ստվերից և սա կանխատեսում է ուղղակի ու ավելի մասշտաբային բախում յանկիների ու ռուս և իրանցի զինվորականների միջև: Որպես հետևանք նշեմ վերջին երկու օրերի միջադեպերը՝ Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական թիրախներին, իսկ ԱՄՆ ռազմա-օդային ուժերը հարված են հասցրել Եփրատի հովտում ռուսական ուժերին: Կարծում եմ, որ նման կոնտեքստում առանցքային է դառնում տրանստարածաշրջանային այս պատերազմում Թուրքիայի դերակատարումը»,- ընդգծեց Լեպեխինը:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը կասկած չունի, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ամեն ինչ կանի, որպեսզի պարտադրի Անկարային գլխավորել Բաշար Ասադի դեմ պատերազմի երկրորդ փուլը: Եվ չի բացառում, որ ԱՄՆ-ն հրահրում է թուրք-քրդական բախումներ Սիրիայի հյուսիսում հենց այն նպատակով, որպեսզի Էրդողանը հայտնվի թակարդում, որից ելքը միայն մեկն է՝ Վաշինգտոնի վեևահսկողության տակ վերադարձ:

Վլադիմիր Լեպեխինն ընդգծեց՝ Արևմուտքն ունի իր սեփական ծրագիրը Ադրբեջանի մասով, որը սինխրոնացված է Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամկետների հետ: Հենց սա է պատճառը, որ Ալիևը որոշում կայացրեց ընտրություններն անցկացնել արտահերթ՝ ապրիլին: Սա, ըստ փորձագետի, խառնել է արևմտյան հատուկ ծառայությունների պլանները, որոնք մտադրվում էին օգտագործել նախընտրական շրջանը, նախ, Ադրբեջանում իրավիճակը ապակայունացնելու և երկրորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրելու համար.

«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունը ուղղակի ձգտում է նախապատրաստվել այն իրադարձություններին, որոնք այսօր-վաղը կարող են պայթեցնել ամբողջ Մերձավոր Արևելքը, ներառյալ Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես նաև առավելագույնս համախմբել ընտրազանգվածը՝ օգտագործելով այդ նպատակով նաև հակահայկական հռետորաբանությունը»:

Լեպեխինի համար ակնհայտ է, որ իր խորամանկ ծրագրերում Արևմուտքը չի մոռացել նաև Հայաստանը: Պլան «Ա»-ն, ըստ նրա, կայանում է նրանում, որ երբ հաջողվի Թուրքիային, այնուհետ նաև Ադրբեջանին առնել ԱՄՆ վերահսկողության տակ, Երևանը բավականին բարդ իրավիճակում կհայտնվի ՝ կա՛մ կհրաժարվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից (դուրս կգա ՀԱՊԿ-ից, Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս կբերի և այլն), կա՛մ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կաջակցեն «ինտերնացիոնալ սպեցնազին» Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու համար պատերազմ սկսելու գործում:

«Հենց այս ամենն է պատճառը, որ հայաստանցի քաղաքական վերլուծաբաններին պետք չէ կենտրոնանալ Ալիևի և ադրբեջանցի այլ պաշտոնյաների հայտարարությունների վրա: Հարկավոր է ավելի հեռուն նայել և շնորհակալ լինել Աստծուն, որ Երևանն ունի այնպիսի դաշնակից, ինչպիսին Ռուսաստանն է, որն այսօր անում է ամեն հնարավորը, այդ թվում նաև Սիրիայում իր զինվորականների կյանքի գնով, որպեսզի պատերազմը Մերձավոր Արևելքում չհասնի Կովկաս»,- հավելեց մեր զրուցակիցը: