24.11.2024
Սոցհարցում. ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը ՀՀ` եվրոպական ինտեգրման կոնտեքստում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ՌԴ հետ հարաբերությունների հաշվին չի ստորագրվել. Աշոտյան

Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


«Հարցն իսկապես հետաքրքիր է և հերթական անգամ ցույց է տալիս մշտական երկխոսության անցկացման անհրաժեշտությունը: Մենք այսօր խոսել ենք այն մասին, որ մարդկանց ընկերությունն էլ փայփայել է պետք: Պետությունների ընկերությունները մարդիկ են ստեղծել, դրանց հետևում ճակատագրեր են կանգնած և անգամ ամենամտերիմ հարաբերությունները խնամել ու փայփայել է պետք»,- tert.am-ի հաղորդմամբ ասաց նա:


Ըստ Աշոտյանի՝ երկխոսությունը շատ կարևոր է: Նա նշեց, որ այսօր ՀՀԿ անդամները հանդիպել են Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամների հետ, խոսել են այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Հայաստանի ու Եվրամիության միջև, համադրել, ոչ թե հակադրել քաղաքական օրակարգերը:


«Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների կամ դաշնակցային հարաբերություների հաշվին: Ռուսաստանը ուժեղ է, որքան ուժեղ են նրա դաշնակիցները: Այնպես որ, ուժեղ Հայաստանը, զարգացող Հայաստանն իր պոտենցիալով կարող է ավելի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերություններին, անվտանգության ապահովմանը»,- նշեց նա:


Ինչ վերաբերում է համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանից հնչող հակահայկական մեկնաբանություններին, մասնավորապես Մ. Շևչենկոյի հայտարարությանը, որ հայերը ռուսների թշնամիներն են, ապա Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր հովանավորվում են: Ես մանրակրկտորեն հետևում եմ լրահոսին և կարող եմ ասել, որ որպես կանոն, նրանք, ովքեր Հայաստանում հակառուսական, իսկ Ռուսաստանում՝ հակահայկական տրամադրություններ են ստեղծում, նրանց հետևում կան հովանավորյալներ: Ես չէի ցանկանա, որ մենք որոշ մարդկանց մտքեր ծավալենք հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտորի վրա»: