Պուտին. Ճնշումը ԿԺԴՀ-ի նկատմամբ ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում
Այն հաշվարկը, թե կարելի է ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային ծրագրերը կանգնեցնել բացառապես Փհենյանի վրա ճնշում գործադրելով, սխալ է և անհեռանկարային: Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «BRICS՝ դեպի ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ» հոդվածում, որը հրապարակվել է Չինաստանում սեպտեմբերի 4-5-ին կայանալիք BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովին ընդառաջ: Հոդվածից հատված է ներկայացնում ՌԻԱ Նովոստին:
Պուտինի խոսքով՝ իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ վերջին ժամանակներս սրվել է և մասշտաբային հակամարտության շեմին է»: Ըստ այդմ, նա տեղեկացնում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը մշակել է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզ»:
Ռուսաստանի առաջնորդի կարծիքով, խնդիրները հարկավոր է լուծել շահագրգիռ կողմերի միջև կառուցողական երկխոսության միջոցով, առանց նախապայմանների: Իսկ սադրանքները, ճնշումը, ռազմական և վիրավորական հռետորաբանությունը ՝ դա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը Գուամի վրա հարձակման «նախերգանքն էր»: Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել: