VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Առավոտ» թերթը գրում է. ««Միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները և համակարգային տեղաշարժերը հերթական անգամ վեր են հանում և ընդգծում են միջազգային քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը և մեծ աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները:
Իսրայելի և, մասնավորապես, ծայրահեղ հաշվենկատ և պրագմատիկ Չինաստանի նման պետությունների շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, դրա վառ ապացույցներն են: Ավելին, այս սկզբունքորեն իրարից տարբերվող պետությունների ակտիվացումը Հայաստանում կարելի է գնահատել նաև որպես տեսանելի ապագայում Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ազդակ, ինչը նույնպես որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի համար»,-«Առավոտին» տված հարցազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ իրադարձությունների»:
«Առավոտ» թերթը գրում է. «Օրեր շարունակ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհի մարման աշխատանքները բուռն քննադատության արժանացան սոցցանցերում: Օգտատերերը կառավարությանը հարցադրումներ ունեին՝ լավ, երկրաշարժին անպատրաստ ենք, փոթորիկներին, կարկուտին անպատրաստ ենք, պատերազմին անպատրաստ ենք, սողանքներին ու փլուզումներին անպատրաստ ենք, անգամ ձյուն մաքրելուն անպատրաստ ենք, կա՞ մի բան, որին իշխանությունը պատրաստ է:
Իսկ երբ ԱԻՆ-ը օգնության կանչեց ՌԴ-ի գործընկերներին՝ նրանց ԻԼ-76 ինքնաթիռը ՀՀ ուղարկելու խնդրանքով, սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ թե դուք «համմերներով», «ջիպերով» եք շրջում քաղաքում, շքեղ ծառայողական մեքենաներ ունեք, բա մի հատ ԻԼ-76 ինքնաթիռն ի՞նչ է, չեք առել պետության համար: Ուստի մենք ուսումնասիրեցինք, թե ԱԻՆ-ը, որին ուղղվում են քննադատության սլաքները, քանի՞ ծառայողական մեքենա ունի այս պահին, և ի՞նչ արժողությամբ մեքենաներ են դրանք:
Պարզվեց ԱԻՆ-ին սպասարկում է 21 ծառայողական մեքենա: Նախարարին՝ Դավիթ Տոնոյանին տրամադրվել է 2008 թվականի արտադրության Nissan Patrol մակնիշի մեքենա, շարժիչի հզորությունը՝ 280 ձիաուժ:
3 փոխնախարարներից միայն մեկին է կցված մեքենա՝ 2007-ի արտադրության Toyota Avalon:
Աշխատակազմի ղեկավարը նույնպես չունի մեքենա: Փրկարար ծառայության տնօրենին սպասարկում է 2003-ի արտադրության «Լանդ Կրաուզեր»: Ի տարբերություն փոխնախարարների՝ փրկարար ծառայության տնօրենի 5 տեղակալներին ապահովել են մեքենաներով: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության պետին սպասարկում է 2007-ի արտադրության BMW, որի շարժիչի հզորությունն է 306 ձիաուժ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրդեհաշիջման աշխատանքները մտան նոր փուլ՝ դրանց ներգրավվեց ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռը, որը երեկոյան 6 չվերթ էր իրականացրել։ Չնայած մասնագետները պնդում էին, որ մեկ ինքնաթիռը չի կարող արդյունավետ աշխատել, քանի որ մինչ մեկնում է լիցքավորման, կրակը նորից է մոլեգնում։ Նախագահի մոտ էլ խորհրդակցություն է հրավիրվել՝ բոլոր պատասխանատուների մասնակցությամբ։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ վիճակն աղետալի է Խոսրովի արգելոցում․ թեեւ պաշտոնապես հայտարարվում է, թե ընդամենը 360 հա անտառ է այրվել, սակայն վնասն իրականում 7-8 անգամ ավելի է»։