Ծառուկյանն «ինքնըստինքյան» ակտիվ ընդդիմութուն է լինելու «համապատասխան» կոալիցիայից դուրս
«Ծառուկյան» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան
«Ծառուկյան» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել խորհրդարանում:
Մայիսի 18-ին, 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ, արձագանքելով լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է այս խորհրդարանում ակտիվ աշխատել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել»:
Հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանը հինգերորդ գումարման ԱԺ նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկ է եղել:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, իսկ ինքնաբացարկ հայտնած անձանց, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նրանց վերջը լավ է լինելու:
«Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք: Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»,- ասաց Ծառուկյանը եւ հավաստիացրեց, որ կուսակցությունում կրքերը հանդարտվել են:
Գագիկ Ծառուկյանը «համապատասխան ինքնըստինքյան» անփոփոխ ոճում նաեւ հայտարարեց, որ իր ղեկավարած դաշինքն ընդդիմություն է լինելու: «Եթե «Ծառուկյան» դաշինքը իշխանությունների հետ կոալիցիա չի կազմել, ապա ընդդիմադիր է: Եթե համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ապա ինքնըստինքյան ընդդիմադիր ենք»,- ասաց նա: