Վեցերորդ գումարման Ազգային Ժողովն այսօր հրավիրել էր անդրանիկ նիստը, որին ներկա էին նաև երկրի ղեկավար Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նիստը վարում էր նոր խորհրդարանի ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը:
Մինչ նիստերի դահլիճում էին Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը, ընդդիմադիր «Ելք» դաշինքը բացակայում էր նիստերի դահլիճից, բայց շենքում էր՝ համանուն խմբակցությունում նիստ էր գումարել: Երբ երկրի քաղաքական ու հոգևոր առաջնորդները, ինչպես նաև կառավարության անդամները հեռացան՝ «Ելք»-ի անդամները զբաղեցրեցին իրենց տեղերը: Իսկ երբ, ըստ կանոնակարգի, եկավ ԱԺ նախագահի թեկնածուների առաջադրման պահը, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք այդ պաշտոնում առաջադրում են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ԱԺ Հանրապետական խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում տեսնում է Արա Բաբլոյանին և ժամը 13,30-ին նիստրի դահլիճին կից ֆոյեյում տեղի կունենա փակ - գաղտնի քվեարկությունը: ԱԺ խոսնակի այլ թեկնածուներ չառաջադրվեցին:
Նորընտիր պատգամավորներից շատերը օրը սկսեցին խոստումներով: Օրինակ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շատ զարմացավ, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք պատրաստվում է նախկինի պես պասիվ պատգամավորի դերում լինել.
«Բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել»,- արձագանքեց նա: Այնուհետ հորդորեց չանհանգստանալ, քանզի ամեն ինչ շատ լավ է լինելու և դա վերաբերում էր նաև դաշինքում առկա փոքր-ինչ խառը վիճակին, երբ դեռ պարզ չէ, թե անհնազանդները, որոնք պատգամավորի մանդատ ստացան, ինչ են անելու հետո.
«Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ ենք անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ: Կուսակցությունում կրքերը հանդարտվել են»,- հավաստիացրեց Ծառուկյանը:
Իսկ ահա ԱԺ նախագահի հավանական թեկնածու Արա Բաբլոյանը նշեց, որ գիտի, թե ինչպես է աշխատելու անհնազանդ ու «չարաճճի» պատգամավորների հետ, քանզի ինքը մանկաբույժ է և «երեխաների հետ հաճույքով աշխատել է»: ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում նա նաև պատրաստ է ամոթանք տալ այն պատգամավորներին, ովքեր շատ կբացակայեն ու կեղծ տեղեկանք կբերեն:
Օրվա տրամադրությունն այնպիսին էր, որ ոմանք նաև որոշեցին խոստովանություններով հանդես գալ... գուցե, Վեհափառի ներկայությունն էր նման տրամադրություն ստեղծել: Ինչևէ, ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը խոստովանեց, որ նախկինում եղել է դեպք, երբ ինքը ուրիշի փոխարեն քվեարկություն է կատարել.
«Կարող եմ խոստովանել, որ ինքս էլ քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ամբողջ հանրության առջեւ: Կարծում եմ, որ ճիշտ չէ քվեարկել ուրիշի փոխարեն»,- «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան հայտարարեց Արա Բաբլոյանը: Այս պարագայում նրա մրցակցին՝ Մարուքյանին, մնում էր միայն շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին նման խոստովանության համար: