23.11.2024
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Կաթողիկոսը դիմեց ԱԺ-ին. Հայաստանում թոթափված չեն խնդիրներն ու դժվարությունները

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել ելույթով Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստին, որում, մասնավորապես, ասված է.


«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,


Հարգարժան պատգամավորներ,


Հարգելի ներկաներ,


Հայրապետական Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման այս առաջին նիստի առիթով:


Ազգային Ժողովի դերակատարությունը պետական կառավարման համակարգում այսուհետ էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցնելու հանգամանքով: Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես` Ազգային Ժողովը ստանձնում է նաև առավել մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում, մեր ներկայի և ապագայի հանդեպ:


Մեր պետականության կայացման և մեր երկրում վերափոխումների իրականացման ճանապարհին Ազգային ժողովի կողմից կարևոր քայլեր են ձեռնարկվել՝ ստեղծելու օրենսդրական հիմքերը իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ձևավորման, մեր երկրում տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման համար: Այս տարիներին ջանքեր են ներդրվել նաև ապահովելու բարենպաստ միջավայր հոգևոր և ազգային-եկեղեցական կյանքի զորացման համար:


Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մեր կյանքից, սակայն, դեռևս թոթափված չեն խնդիրներն ու դժվարությունները: Ծանրակշիռ ջանքեր պահանջող ուղի պիտի անցնենք՝ կերտելու համար մեր ժողովրդի բարօր կյանքը, ապահովելու խաղաղությունը մեր սահմաններում, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները և իրագործելու համար ազգային մեր իղձերը:


Մեծարգո պատգամավորներ, բարձրագույն օրենսդիր մարմնում դուք կոչված եք մեր երկրին ու հավատավոր ժողովրդին ծառայելու նվիրական, մեծ ու պատասխանատու առաքելության: Օրենքները, որոնք պիտի ընդունվեն այս բարձր մարմնում, պիտի ամրացնեն և առաջընթաց բերեն մեր հասարակական կյանքին, դառնան հարազատ հայելին մեր ինքնության, մեր արժեքների, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն ազգային մեր համերաշխությունն ու միասնությունը: Խորհրդարանը նաև կարևոր հարթակ է, որտեղ բազմակարծությունը, մտքերի ու նախաձեռնությունների բազմազանությունը՝ ծնունդ առած հայրենասեր ու նախանձախնդիր նույն ոգուց, առավել պիտի ընդլայնեն մեր երկրի զարգացման հեռանկարները: Հայացքների ու տեսակետների տարբերությունները, սակայն, երբեք չպիտի դառնան պատճառ հակառակությունների ու անհանդուրժողականության՝ խոչընդոտելով Ազգային Ժողովի արդյունավոր առաքելությունը:


Ի դեպ է այսօր հիշել Ս. Ներսես Շնորհալու պատգամը. «Միութիւն ի կարևորս, ազատութիւն ի երկբայականս և սէր` յամենայնի»: Հավատարմորեն հետևեք հայրապետի հորդորին, պահպանեք միությունը կարևոր գործերում, ազատությունը` երկրորդականներում և սերը` ամեն ինչում:


Մեր մաղթանքն է, որ համերաշխ գործակցությամբ միավորեք ձեր ջանքերն ու նվիրումը հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի խաղաղ, լուսավոր ու բարի կյանքի: Աղոթում ենք, որ Աստված զորացնի ձեզ հայրենասեր ոգով, պարգևի եռանդ ու կորով` մնայուն ձեռքբերումներ արձանագրելու ձեր բարձր առաքելության մեջ: Հարուցյալ մեր Տիրոջ շնորհներն ու հաղթական սուրբ խաչի պահպանությունն ենք հայցում ձեզ ամենքիդ և Սուրբ Հոգու առաջնորդությունը»: