16.02.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Էլեկտրացանցերում 81 մլն դոլարի ներդրում է կատարվել, հոսանքի գինը չի փոխվի

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փետրվարի 16-ին ներկայացրել է հանրապետության կոմունալ ենթակառուցվածքներում կատարված լայնածավալ աշխատանքների հաշվետվությունը՝ արձանագրելով ներդրումների զգալի աճ և սակագնային կայունություն։


Ըստ պաշտոնյայի՝ էլեկտրամատակարարման և գազամատակարարման ոլորտներում ընդհանուր առմամբ ներդրվել է 52 միլիարդ դրամ, որից 31 միլիարդը ուղղվել է էլեկտրացանցերի, իսկ 21 միլիարդը՝ գազային տնտեսության արդիականացմանը։


Առանցքային ձեռքբերումներից է ջրամատակարարման համակարգում կատարված աննախադեպ՝ 10,7 միլիարդ դրամի ներդրումը, որը ձևավորվել է «Վեոլիա ջուր» ընկերության և Ջրային կոմիտեի համատեղ հատկացումներով։ Զուգահեռաբար արագ տեմպերով զարգանում է վերականգնվող էներգետիկան. 2025 թվականին այս աղբյուրների մասնաբաժինը ընդհանուր արտադրության մեջ հասել է 23,4%-ի, իսկ հզորությունները, որոնք 2016-ին չնչին էին, այժմ գերազանցում են 640 ՄՎտ-ը։


Միայն նախորդ տարվա ընթացքում համակարգին միացվել է 220 ՄՎտ նոր հզորություն։ Հեռահաղորդակցության ոլորտում ևս առաջընթաց կա. 4G ծածկույթը հասանելի է ամբողջ հանրապետությունում, իսկ 5G տեխնոլոգիաները՝ բնակչության 95%-ին։


Անդրադառնալով վերահսկողական գործառույթներին՝ Մեսրոպյանը հիշեցրել է նոյեմբերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը բաշխման լիցենզիայից զրկելու մասին որոշումը։ Նա նշել է, որ որակի ստանդարտների խախտման համար ՀԷՑ-ը 2025-ի ինն ամիսներին ավելի քան 145 հազար բաժանորդի վճարել է 285 միլիոն դրամ տուգանք։ Ընդհանուր առմամբ, կարգավորվող ընկերությունները պետբյուջե են մուտքագրել 10,3 միլիարդ դրամ։


Ամփոփելով խոսքը՝ ՀԾԿՀ նախագահը վստահեցրել է, որ սպառողների համար ֆինանսական բեռը չի ավելանա. գազի և էլեկտրաէներգիայի սակագները մնացել են նույնը, իսկ ջրի սակագինը անփոփոխ կմնա նաև 2026 թվականին։

Լուսանկարը` kalingatv.com
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը