2.12.2025
Որոշ հոգևորականներ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում
prev Նախորդ նորություն

Բեկումնային եպիսկոպոսաց ժողովը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նոյեմբերի 4–7-ի Գերագույն հոգևոր խորհրդի քննարկումներից հետո դեկտեմբերի 10–12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը։


Այս ժողովը, առանց չափազանցնելու, կրում է բեկումնային նշանակություն։


Այստեղ այլևս առաջնային չեն ընթացիկ վարչական կամ կարգապահական հարցերը։


Առկա է Եկեղեցու կանոնական կարգի, հեղինակության ու ինստիտուտի ինքնիշխանության լուրջ փորձությունը՝ պայմանավորված իշխանական ուղղորդված ճնշումներով ու դրա հետևանքով առաջացած ներքին տրոհմամբ:


10 հերձվածող և անհնազանդ Սրբազաններ պահանջում են Վեհափառի հրաժարումը՝ փաստացի գործիք դառնալով իշխանության ձեռքին։


Նրանց քայլերը հակասում են եկեղեցական ավանդույթին և ուղղված են Մայր Աթոռի ներսում ճեղք առաջացնելուն։


Մյուս կողմից՝ անազատության մեջ գտնվող Միքայել արք․ Աջապահյանը և Բագրատ արք․ Գալստանյանը պահանջում են դադարեցնել հերձվածական վարք դրսևորած առաջնորդների պաշտոնավարումը՝ ընդգծելով, որ նրանց գործողությունները ինքնին արդեն իսկ դատավճիռ են իրենց կարգավիճակի համար։


Այս ներքին ճգնաժամը զուգորդվում է իշխանության կողմից Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ կիրառվող օրեցօր սաստկացող ճնշումներով՝ վարչական, քարոզչական և քաղաքական մեխանիզմների միջոցով։


Այս ամենը միտված է թուլացնելու այն ինստիտուտը, որը դարերով եղել է մեր ինքնության, դիմադրողականության կրողներից մեկը։


Ի՞նչ սցենարներ են հնարավոր եպիսկոպոսաց ժողովում


♦ Կանոնական կարգի վերականգնում


Ժողովը վերականգնում է ներքին կարգուկանոնը, և հերձվածական վարք դրսևորած Սրբազանների նկատմամբ կիրառվում են համապատասխան միջոցներ։
Նման հանգուցալուծման պարագայում՝ Եկեղեցին դուրս է գալիս ճգնաժամից՝ համեմատաբար միավորված և ներքին կայունությամբ։


♦ Բաժանարար գծերի խորացում


Եթե հերձվածող Սրբազանները չընդունեն ժողովի որոշումները, հակամարտությունը կարող է դուրս գալ բաց հակադրության փուլ։
Իշխանության համար այս զարգացումն ամենաձեռնտուն է. այն իշխանության պրոպագանդան կօգտագործի՝ Եկեղեցու ճգնաժամը ներկայացնելով որպես «ներքին ապստամբություն»։


♦ Ճգնաժամի կառավարում


Եթե քննարկումներում գտնվեն համաձայնության և հանգուցալուծման ներքին մեխանիզմներ, հնարավոր է խուսափել բաց առճակատումից։
Կոմպրոմիսների դեպքում՝ պահպանվում է Եկեղեցու արտաքին միասնականությունը, իսկ ճնշումների մի մասը չեզոքացվում է։


Մեծ հաշվով, առանց հասարակության իրական սուբեկտության և ակտիվ դիրքավորման անհնար է արգելակել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական և հակասահմանադրական գիծը։


Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ։


Այս ժողովի վերջնարդյունքը էականորեն ազդելու է ոչ միայն Եկեղեցու ներքին կյանքի, այլ նաև Հայաստանի առաջիկա քաղաքական ու հասարակական զարգացումների տրամաբանության վրա։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 

Եկեղեցու հակահարվածը հերձվածողներին
Հաջորդ նորություն next