ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
Ինչպես հայտնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը, նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ուրույն դեր ու նշանակություն է հատկացվում ՀՀ քաղաքական պատմության մեջ: «Այդ ընտրություններն ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին», - ասված է նախագահի հայտարարության մեջ։
ԱԺ ընտրությունների քվերակության նախնական տվյալներով 49% քվե ստացած ՀՀԿ առաջնորդը նշում է, որ այս ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա: «Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որևէ ազդեցիկ քաղաքական ուժ, որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա ևս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով:
Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանն ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է», - նշում է նա:
Միեւնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ընտրություններին ակտիվ մասնակցության համար. «Սա յուրաքանչյուրի ներգրավվածության և յուրաքանչյուրի դերի կարևորության ընկալման ամենալավ ցուցիչն է։ Շնորհակալ եմ դրա համար»։
«Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժերին ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար։ Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների և դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց։
Շնորհակալ եմ մեր ընդդիմությանը, հասարակական հատվածի ներկայացուցիչներին և միջազգային մեր գործընկերներին ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցում՝ քաղաքական կոնսենսուսի կայացման, ընտրական գործընթացն ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով անցկացմանն օժանդակելու համար։ Մենք նորովի կազմակերպեցինք ընտրական գործընթացը, որն ուղղակի անցյալում թողեց նախկինում ընտրական գործընթացներում դիտարկվող ամենակոպիտ խախտումների էական մասը։ Մենք մեծ քայլ արեցինք առաջ, մեծ քայլ դեպի ապագա։
Շնորհակալ եմ ընտրությունների կազմակերպման հարցում ներգրավված բոլոր ինստիտուտներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրական հանձնաժողովների անդամներին, բոլոր անհատներին. դուք մեծ գործ արեցիք։ Շնորհակալ եմ իրավապահ համակարգին արձանագրված խախտումներին շատ օպերատիվ ու պատշաճ արձագանքելու համար. վստահ եմ՝ սկսված իրավական գործընթացները բնականոն շարունակություն կունենան», - հայտարարել է նախագահը։
Դրա հետ մեկտեղ Սարգսյանը հիշեցրել է, որ ապրիլի երկուսը «մենք սկսեցինք Եռաբլուրում՝ խնկարկելով քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների շիրիմներին»։ «Ապրիլի երկուսը մենք ավարտեցինք նրանց շիրիմներին տրված մեր խոստումն իրականացնելու հարցում մեկ քայլ առաջ կատարած։ Մենք խոստացել ենք ավելի ամուր, ավելի ուժեղ և զարգացող պետություն կառուցել, և մենք կառուցելու ենք», - ասել է նախագահը՝ հավասատելով. «Բոլորս միասին ենք անելու»։
Հիշեցնենք ԿԸՀ նախնական տվյալներով, ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։ Մյուս քաղաքական ուժերը, ըստ նախնական տվյալների, չեն հաղթահարում կուսակցությունների կամ դաշինքների համար սահմանված համապատասխան 5 եւ 7 տոկոսանոց շեմերը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 0.94%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն` 3.72%, «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք` 1.65%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 0.75% եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք` 2.7%: