3.09.2025
Իրողություններն ընդունում ենք որպես պատմության ավա՞րտ, թե՞ ընտրում ենք խելամտությունը
prev Նախորդ նորություն

Հայ գերիներին ազատ արձակելու փոխարեն Բաքուն վտարում է միակ մարդասիրական կազմակերպությանը

Սեպտեմբերի 3-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում՝ այդ երկրի կառավարության որոշմամբ։ Սա լրջորեն բարդացնում է հայ գերիների և քաղբանտարկյալների իրական վիճակի մասին անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։


Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որը մուտք ուներ Բաքվում պահվող հայ գերիների մոտ։ «Այս կազմակերպության միջոցով ընտանիքները կարողանում էին ծանրոցներ փոխանցել, կազմակերպվում էին հեռախոսազանգեր, Կարմիր խաչը նաև տեղեկություններ էր հաղորդում ընտանիքներին», — նշեց նա NEWS.am-ին:


Սահակյանի խոսքով՝ ԿԽՄԿ-ի այցերի դադարեցումը հունիսից արդեն իսկ ծանր հետևանքներ է թողել։ Վերջին հեռախոսազանգերի ընթացքում պարզվել է, որ գերիների շրջանում առկա են առողջական և հոգեբանական լուրջ խնդիրներ։ «Սա հստակ վկայում է, որ միջազգային վերահսկողության բացակայությունը անմիջական վտանգ է ստեղծում նրանց կյանքի և անվտանգության համար», — ընդգծեց փաստաբանը։


Իրավապաշտպանը նաև նշեց, որ ներկայումս ոչ մի անկախ կառույց չի կարող ճշգրիտ տեղեկություն տալ գերիների վիճակի մասին։ Ըստ նրա՝ Ադրբեջանի տարածված հաղորդագրությունները, թե իբր տեղական կոմիտեն մոնիթորինգ է իրականացրել և գերիները դժգոհություն չեն հայտնել, ավելի շուտ փորձ են ցույց տալու, թե Բաքուն իր ներքին կառույցներով կարող է փոխարինել Կարմիր Խաչի գործառույթները։


Սահակյանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին պարբերաբար տեղեկություններ տրամադրել գերիների առողջական վիճակի մասին։ Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանը ոչ միայն դժկամությամբ է կատարում այդ պարտականությունը, այլև փորձում է դատարանին ներկայացնել միակողմանի ու հաճախ կեղծ տեղեկատվություն՝ միջանկյալ միջոցները վերացնելու նպատակով։


Փաստաբանի փոխանցմամբ, կցկտուր տեղեկություններ կան, որ Վիգեն Էուլջեքյանը շարունակում է հացադուլը, սակայն այս պահին որևէ հնարավորություն չկա վստահելի տվյալներ ստանալու նրա առողջական իրական վիճակի մասին։ Սահակյանը հիշեցրեց, որ դեռ մարտին իրենք դիմել էին ՀՀ արտգործնախարարություն՝ առաջարկելով չեզոք երրորդ երկրների հյուպատոսական ծառայությունների միջոցով ապահովել հայ գերիների այցելությունները, սակայն մինչ օրս գործնական քայլեր այդ ուղղությամբ չեն արվել։


«Փոխանակ խաղաղության հաստատման իր մտադրության ապացույց դառնա հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, Ադրբեջանը երկրից վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը», — ընդգծեց Սահակյանը։


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը