2.04.2025
Լուսանկարը` DW
prev Նախորդ նորություն

Գլուխներ կթռնեն. Փաշինյանը «չիստկա» կանի ՔՊ-ում․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է ․ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է տեռոր եւ ռադիկալ փոփոխություններ անել իշխանական թիմում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից եւ կատարում է իր նախընտրական «խոստումը», որ եթե ՔՊ-ն չհաղթի, գլուխներ կթռչեն: Հույս ունի, որ ոմանց «զոհաբերելով»` 26-ի ընտրություններին ընդառաջ իրենց ռեյտինգը կբարձրանա:


Հնարավոր է անգամ ԱԺ խմբակցությունում «չիստկա» անի` ազատվելով, օրինակ, Անդրանիկ Քոչարյանից ու Վիլեն Գաբրիելյանից։ Ի դեպ, ՔՊ-ում ավելի շատ հուզվել են ոչ թե Գաբրիելյանի` Գյումրիում անադեկվատ պահվածքից, այլ այն հայտարարությունից, որ իշխանությունը 2026-ին չի լինելու։ ՔՊ-ականները երեկ չէին բացառում, որ Վիլենը որոշ շրջանակների ուղղորդմամբ հատուկ գնացել է Գյումրի, որ վարկաբեկի ՔՊ-ին։ Մեզ ասացին, որ նրա պահվածքի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում։ ՔՊ-ում կարծում են նաեւ, որ իրենք աշխատել են գերլարումով, Գյումրիից տուն չեն եկել, եւ պարտության պատճառը ոչ թե իրենք են, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այն, որ իրենց վարկանիշը «պլինտուսից» ցածր է, գիտի նաեւ Փաշինյանը․ պատահական չէ, որ նա չմասնակցեց եզրափակիչ հավաքին, որ ՔՊ-ի պարտությունն իրեն չվերագրվի։


«Հրապարակը» գրում է ․ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են: ՔՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք՝ Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները` Երեւանում: Փորձել են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Չնայած վերեւից հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրեւ ազատ-արդար ընտրությունների արդյունք, իբր իրենք նախկինների պես չեն կեղծել ընտրությունները: Սակայն ՔՊ-ն Գյումրիում ակնկալել է, որ 50+1-ի կձգի, քանի որ դասական հայկական ընտրություն էին կազմակերպել՝ հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով, վարչական լծակների կիրառմամբ։ Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա եւ ռեսուրս էր ծախսել Գյումրիում` հավաքագրել էին հանրապետության ողջ տարածքում բնակվող գյումրեցիներին, գյումրեցիների հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։ Անգամ Ջավախքից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել՝ ընտրությանը մասնակցելու նպատակով։ Նաեւ իշխանության այս աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված այն, որ գրեթե կրկնակի շատ ընտրող է մասնակցել 2021-ի ՏԻՄ ընտրությունների համեմատ: Եթե 21-ին մոտ 26 հազար էր մասնակցել, եւ անցողիկ շեմը 1400 ձայնն էր, այս անգամ ամենաքիչ ձայներ ստացած «Մայր Հայաստանը» հավաքել է 2 հազար 800 ձայն՝ 6 տոկոսի շեմը հաղթահարելու համար։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մարտի 30-ին Փարաքար համայնքում ՔՊ-ի խայտառակ պարտությունից հետո որոշ պաշտոնյաների գլխին սև ամպեր են կուտակվել: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:


Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը մեղավորներից մեկին համարում է նաև Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին, որին առաջին անգամ վստահվել էր ընտրությունների կարևորագույն «օպերացիան», իսկ նա տապալեց:


Նշենք, որ վերը նշված երեք պաշտոնյաներն էլ Փաշինյանին փոխանցել էին, որ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քվեի որևէ խնդիր չունի, ու իրենք կարող են ժ/պ-ից ուղիղ համայնքապետի աթոռին նրան նստեցնել: Բայց արի ու տես, որ ՔՊ-ական պաշտոնյաները սխալ են զեկուցել իրավիճակը ու ՔՊ-ում շատ հնարավոր են համարում առաջիկայում նրանց պաշտոնանկությունները: Փաստորեն, առանց Փաշինյանի ուղիղ մասնակցության ՔՊ-ականների մոտ ոչինչ չի ստացվում»:


«Հրապարակը» գրում է. Կիրակի օրը Փարաքարում իշխանությունը ջախջախիչ պարտություն կրեց․ «Միասնություն» դաշինքը՝ Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությամբ, 57% տոկոս ձայն ստացավ։ Արդյունքների հրապարակումից հետո Փարաքարում իշխանական թեւը համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի շտաբի դիմաց լուռ ծխում էր, իսկ կողքի գյուղում՝ Մերձավանում, մեծ տոնախմբություն էր։ Կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդյա Գրիգորյանի Մերձավանի շտաբում եւ նշում էին նրա հաղթանակը։ Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օդ թռցնել, իսկ վերջում՝ հրավառություն, ի նշան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ պարեկները կեսգիշերն անց գնացել եւ տուգանել են Վոլոդյա Գրիգորյանի աջակիցներին՝ հրավառություն կազմակերպելու համար։ Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այսօր, ժամը 0․30-ի սահմաններում, Մերձավան բնակավայրում հրավառություն կազմակերպելու համար՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից, ՎԻՎ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»։ Իսկ թե կոնկրետ ով է տուգանվել, ՆԳՆ-ից ասացին, որ անուններ չեն հրապարակում։


Հոդվածը, որով տուգանել են հրավառությունը կազմակերպողին, սահմանում է․ «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։ Բայց ավելի շատ տուգանել են պարտության «հերսից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշանակել է վարչական տույժ 200 հազար դրամի չափով։ Բանն այն է, որ 2025 թվականի մարտի 14-ին, քննելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված 2024 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ նախատեսված գործը, ԿԿՀ-ն պարզեց, որ Դավիթ Մինասյանի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ։


Դավիթ Մինասյանը ծանուցվելուց 30 օր հետո կրկին չի ներկայացրել հայտարարագիր, ապա 31-րդ օրը Մինասյանը ծանուցվել է ներկայանալ Հանձնաժողով՝ իր մասնակցությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար։ Ծանուցվելուց հետո էլ Մինասյանը հարկ չի համարել հայտարարագիր ներկայացնել։ 2025 թվականի փետրվարի 14-ին Մինասյանը ծանուցվել է, որ գա և մասնակցի 2025 թվականի մարտի 14-ին կայանալիք նիստին՝ նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը։ Դավիթ Մինասյանը կրկին արհամարհել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Արդյունքում, Հանձնաժողովը որոշել է պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով։


Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր: Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները: Նա նաև տարիներ առաջ ազատազրկված է եղել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Քրեական գործը հարուցվել է 2009 թ. մարտի 21-ին։ Նախաքննության մարմնի 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ՝ Դ. Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Դ. Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով։ Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ. Մինասյանի պաշտպան Ն. Մկրտչյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինվորների ծնողները երեկ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ պահանջել են, որ խորհրդարան ներկայանա Արսեն Թորոսյանը, ով եղել է առողջապահության նախարարը, և Մհեր Բիշարյանը, ով առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ընթացքում ծնողները պահանջել են, որ ՔՊ-ական, այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայանա Մհեր Բիշարյանի հետ և պատասխանի իրենց հարցերին, թե ինչու է շիլաշփոթ ստեղծվել զինվորների դիակների հարցում, ինչպես է ստացվել, որ զինվորի դիահերձմամբ 3 ձեռքի համընկնում է եղել, և պաշտոնյաներն ասել են՝ եկե՛ք տարեք ձեր երեխային հուղարկավորեք: Բայց 3 ձեռք «ունեցող» դիակը ծնողն ինչպե՞ս ընդունի իր որդի և հուղարկավորի:


Անդրանիկ Քոչայանն էլ չի կանչել Արսեն Թորոսյանին ծնողների մոտ՝ բացատրություններ պահանջելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը նույնպես չի կարողացել անհետ կորած զինվորների հարազատների հարցերին պատասխանել, նորություններ հայտնել, ինչը էլի զայրացրել է նրանց:  Դիակների ԴՆԹ հետազոտության ողջ խնդիրը ծնողներն Արսեն Թորոսյանից են պահանջել, պարզապես Արթուր Պողոսյանը հայտնվել է թիրախում՝ իր անտեղյակությամբ և անպատրաստվածությամբ. սակայն օբյեկտիվորեն նա ասելու շատ բան էլ չունի:


Ի դեպ, ԱԺ պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը, երբ ծնողներին առաջարկել է իրականության աչքերին նայել և ողջերի մեջ չփնտրել իրենց երեխաներին, իր այս խոսքերով հունից հանել է ծնողներին, ովքեր ինչպես դահլիճում, այնպես էլ ներսում քաշքշել են Նազարյանին՝ պահանջելով անցյալով չխոսել իրենց երեխաների մասին: Կարճ ասած՝ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպածը հերթական շոուն էր, որն էլի խաղացել է ծնողների հույզերի հետ՝ նրանց հարցերին որևէ լուծում չտալով: Օրվա վերջում ծողները հայհոյում էին նաև Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց խաբելու համար»:


«Հրապարակը» գրում է․ Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ փակ քննարկումը երեկ տեւել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային, լարված մթնոլորտում: Վարել է ԱԺ նախագահը, նրա կողքին նստած է եղել Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին, ըստ ներկաների, հրահանգված է եղել չխոսել: Նա մի փորձ է արել խոսելու՝ բորբոքելով ծնողների զայրույթը, ԱԺ նախագահն արագ լռեցրել է նրան: Ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը եւ այլք: Քննարկումը տեղ-տեղ անկառավարելի է դարձել, ծնողները վրդովվել են պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկումից, որ էմոցիաներին պետք չէ տրվել` ճանաչված մասունքները վերցրեք: Ծնողները բղավել են, որ չեն ընդունելու, Նազարյանը լքել է դահլիճը, մի քանիսը հետեւից դուրս են եկել` հաշիվ մաքրելու:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի տարիների անփառունակ կառավարման արդյունքում հայ ֆուտբոլասերները գլխիկոր են հեռանում մարզադաշտերից, իսկ Վրաստանի հավաքականի հետ վերջին խաղերում խեղճացած տեսք ուներ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս դեպքում ամեն բան արդար է, քանզի փաստացի նա է պատասխանատու ՀՖՖ ղեկավարության գրանցած արդյունքների համար, որովհետեւ ձախողողների ոչ պաշտոնական հովանավորն է։


Այլ հարց է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գործոնը. մեզ տեղեկություններ են հասնում, որ Արմեն Մելիքբեկյանը գլուխ է գովում ամենուր, որ Չեֆերինն իր ընկերն է` դրանով թերեւս ավելացնելով իր կշիռը Կառավարությունում: Ավելին` ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամության թեկնածու Արմեն Մելիքբեկյանը այդ կառույցի նախագահի ընտրություններում պաշտպանել է վերջինիս ու սպասվող ընտրություններում եւս ամենայն հավանականությամբ կանի նույնը. դա, ըստ էության, Հայաստանի ձայնն է։


Զավեշտալին այն է, որ ՖԱՖ հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի՝ Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ գործկոմ գնալու մասին հրապարակային քննադատությանն ի պատասխան ՀՖՖ-ն պաշտոնական էջով գրառում արեց, որտեղ ամենակարեւոր հատվածներից էր այն, թե իբր Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ-ում անելիք ունի, եւ որ ֆուտբոլի զարգացման ծրագիր կա։ Այս մասը հատկապես զվարճացրել էր հայ երկրպագուներին։


Ի մի բերելով արձագանքները` կարող ենք գեներացնել հարց ՈՒԵՖԱ-ի նախագահին. մի՞թե վերջինս գոհ է հայկական ֆուտբոլում գրանցված արդյունքներից, մի՞թե նա չի տեսնում ենթադրյալ անօրինականությունները, ի՞նչն է ստիպում նրան Հայաստանում աչք փակել կատարվող իրադարձությունների վրա, տեղյա՞կ է արդյոք, որ ՀՖՖ-ն պարտքեր է կուտակել, ի՞նչ օգուտ է տալու Հայաստանում ձախողված Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ-ում, ինչո՞ւ Չեֆերինը չարձագանքեց հայ երկրպագուների ձերբակալություններին, մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող, մեղմ ասած, ուշադրության արժանի երեւույթներին եւս:


Հ.Գ Մեր տեղեկություններով` մի շարք հայ երկրպագուներ մոտ ապագայում կդիմեն Շվեյցարիայի դատախազություն՝ ՈԵՖԱ-ՀՖՖ հնարավոր անառողջ կապերի վերաբերյալ։ Գործընթացը կարող է ուղեկցվել միջազգային մամուլի հրապարակումներով ու Չեֆերինին ուղղված բաց նամակով հենց Շվեյցարիայից, որտեղ ՈՒԵՖԱ շտաբ-բնակարանն է։


Հ.Գ 2 Ֆեդերացիայի ֆինանսական խնդիրների մասին իհարկե մենք ունենք տեղեկություններ, տեղեկություններ ունենք նաեւ աշխատավարձերի չափերի մասին, ու քանի որ մեր հարցումներին պատասխանող չկա ՀՖՖ-ում, դրանք կհրապարակվեն առանց մյուս կողմի մեկնաբանության։


Հ.Գ 3 Մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ ՈՒԵՖԱ-ի գործունեությանը խոշորացույցով հետեւող եվրոպական լրատվամիջոցների ու տեղեկատվական հարթակների որոշ ներկայացուցիչներ արդեն ուշադրություն են դարձրել ՀՖՖ-ի գործունեությանը, ֆաների ու ԶԼՄ-ների բարձրացրած հարցերին։ Այստեղ մոտ ժամանակներս հնարավոր է հետաքրքիր զարգացումներ լինեն»:


 

Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը
Հաջորդ նորություն next
 Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
02.04.2025
Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը